Երբ Հուստինիանոս Առաջին կայսրը 537 թվականին կառուցեց շքեղությամբ ու չափերով աշխարհում նմանը չունեցող՝ հունական ուղղափառ քրիստոնեական Սուրբ Սոֆիայի տաճարը, դժվար թե պատկերացներ՝ հետագայում ինչպիսի փորձությունների է այն հանդիպելու:
Տաճարը եղել է աշխարհի ամենամեծ կառույցներից և համարվում է ճարտարապետության գլուխգործոց, հատկապես՝ գմբեթը: Մոտ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը՝ մինչև 1520 թվականին Սևիլյայի տաճարի կառուցումը: Կարծիք կա, թե Սուրբ Սոֆիան «փոխել է ճարտարապետության պատմությունը»:
Տաճար-մզկիթ-թանգարան ...Սուրբ Սոֆիայի չարչարանքները
Մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը, բայց 1453 թվականին Մեհմեդ Ֆեթիհը (Նվաճողը) գրավեց քաղաքը և այն միացրեց Օսմանյան կայսրությանը, հրամայեց Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի: Այս կարգավիճակում տաճարը մնացել է մինչև 1931 թվականը: Այնուհետև այն աշխարհիկացվել է Աթաթուրքի նախաձեռնությամբ և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան:
85 տարի անց Թուրքիայի ներկայիս իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ, որոշեցին տաճարում կրկին իսլամադավան հավատացյալների տեսնել ու մոլլայի աղոթք լսել:
Էրդողանի՝ տաճարը մզկիթի վերածելու մի քանի անհաջող փորձերից ու հայտարարություններից հետո այսօր արդեն և այսուհետ իր ճարտարապետական շքեղ լուծումները տեսնելու եկած զբոսաշրջիկներին Այա Սոֆիան կընդունի որպես մզկիթ:
«Ես երեք կարևոր գործոն եմ տեսնում, թե ընդհանրապես ինչու է Էրդողանը Սուրբ Սոֆիան վերածում մզկիթի:
-
Առաջինը իսլամիստական հայացքներն են, որ նա երկիրը իսլամականացնելով ցանկանում է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ: Աֆրիկայում էրդողանամետ, իշխանամետ կամ նրա կողմից սնվող հասարակական կազմակերպությունները լայն քարոզչություն են իրականացնում անգամ այնտեղ, որ տեսեք՝ Էրդողանը իսկապես մուսուլմանական աշխարհին հարիր առաջնորդի քայլ է կատարում, տաճարը վերածում է մզկիթի:
-
Երկրորդ կարևոր պատճառը նրա նեոօսմանական հայացքներն են: Փաստորեն, նա դարձավ երկրորդ Մեհմեդ Ֆեթիհ, այն սուլթանը, որը 1453 թվականին նվաճեց Կոստանդնուպոլիսը: Էրդողանը շարունակ կարևորում է 2053 թվականը՝ այդ իրադարձության 600-ամյակը, անգամ Սուրբ Սոֆիայի տաճարի մասին որոշման օրն իր ելույթը նա սկսել էր ժամը 20:53-ին, որը խորհրդանշում էր 2053 թվականը:
-
Եվ վերջին կարևոր կետը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ Էրդողանի հեռակա մրցակցությունն է: Էրդողանը շարունակ մրցակցում է Աթաթուրքի հետ, թե ով է թուրքերի պատմության մեջ ավելի խոր հետք թողնելու, միշտ անում է նրան հակառակ քայլեր շատ հարցերում: Այս հարցն էլ բացառություն չէր: Աթաթուրքի նախագահության տարիներին է Սուրբ Սոֆիան մզկիթից վերածվել թանգարանի, և հիմա Էրդողանն անում է ճիշտ հակառակը: Նույն կերպ Աթաթուրքը մեծապես ճնշում էր իսլամը երկրում, թույլ չէր տալիս, որ այն դուրս գար մզկիթի դարպասներից, միջամտեր երկրի քաղաքական գործընթացներին, մինչդեռ այսօր Էրդողանն անում է հակառակը»,- 1lurer.am հետ զրույցում նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:
Էրդողանը փորձում է իր այդ քայլը բացատրել կամ արդարացնել նրանով, որ այլ երկրներում նույնպես քանդվում, վերացվում են օսմանյան ժամանակաշրջանի պատմամշակութային արժեքներ, մզկիթներ, հոգևոր դպրոցներ և այլն:
«Օրինակ՝ նշում էր, որ վերջին տարիներին, ընդհանուր առմամբ, ավելի քան 300 օսմանյան կոթող է արժանացել վատ ճակատագրի, որոնցից ավելի քան 100-ը Հունաստանում է տեղի ունեցել, իսկ առաջին տեղում Բուլղարիան է: Մենք գիտենք՝ Հունաստանի համար որքան զգայուն թեմա է Սուրբ Սոֆիայի տաճարի հարցը, և Էրդողանը կարծես թե փորձում է ցույց տալ, որ պատասխան հարված է հասցնում Հունաստանին»,- նշեց Գաբրիելյանը:
Ըստ թուրքագետի՝ տաճարը մզկիթի վերածելու քայլը սեփական խաթարված հեղինակությունը վերականգնելուն ուղղված քայլ է: Քանի որ երկրում կորոնավիրուսը լայն տարածում ունի, տնտեսական առումով խնդիրները շատ են, նախագահի վարկանիշն էլ անկում է ապրում: Սա նաև իսլամական և ազգայնական ընտրազանգվածին գրավելու կարևոր քայլ է: Էրդողանը սովորություն ունի արտահերթ ընտրություններ հայտարարելու, և հնարավոր է, որ 2023 թ. նոյեմբերի 3-ին նշանակված խորհրդարանական ու նախագահական ընտրություններն անցկացվեն ավելի վաղ, ինչպես դա արվեց 2018-ի արտահերթ ընտրությունների դեպքում, երբ ապրիլին հայտարարվեց արտահերթ ընտրությունների մասին, և դրանք անցկացվեցին 2018-ի հունիսի 24-ին, այն դեպքում, երբ նշանակված էին 2019-ի նոյեմբերի 3-ին՝ այն օրը, երբ Էրդողանի կուսակցությունն առաջին անգամ Թուրքիայում եկավ իշխանության:
Էրդողանի «Սուրբ Սոֆիա հեթթրիկը»
Էրդողանն իր իշխանության տարիներին քրիստոնեական մեկ Սուրբ Սոֆիա անունով տաճար չէ, որ մզկիթի է վերածել, այլ՝ 3: Նիկիայի և Տրապիզոնի Սուրբ Սոֆիա անունով տաճարները դեռ 2010-ականների սկզբներին են մզկիթի վերածվել:
«Ֆուտբոլային լեզվով ասած՝ սա Էրդողանի հեթթրիկն է: Անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ արեց նրան այդ քայլին չգնալ, բայց՝ ապարդյուն»,- նշեց թուրքագետը:
Գաբրիելյանի կարծիքով՝ քրիստոնյա աշխարհի արձագանքը Էրդողանի քայլին թույլ էր և ոչ համարժեք, ու դրանք Թուրքիայի ղեկավարը լուրջ չընդունեց:
«Եթե չկա սպառնալիք, որ այդ դեպքում Թուրքիան կզրկվի շատ խոշոր բաներից, կընկնի տնտեսական պատժամիջոցների տակ, բնականաբար, Էրդողանի ձեռքերը ազատվում են, զուտ հայտարարությունները նրան որևէ կերպ չեն կաշկանդում: Գիտենք, որ Էրդողանի մոտ, կարելի է ասել, արդեն իդեաֆիքս է դարձել պատմության մեջ շատ ավելի խոր հետք թողնելը: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը դրան ուղղված քայլերից մեկն է»,- նշեց Գաբրիելյանը:
Ինչու թանգարան-տաճարը հապճեպ որոշմամբ վերածվեց մզկիթի, և ինչու դրա բացման օր ընտրվեց հուլիսի 24-ը
«Բացումը այսօր՝ հուլիսի 24-ին է նշանակել, 1999 թվականին իր բանտից դուրս գալու օրը: Նա նշում է, որ, օրինակ, երբ Սուրբ Սոֆիան ժամանակին դարձավ մզկիթ 1453 թվականից հետո, դա Թուրքիային, օսմաններին մեծ հաջողութուն բերեց, և հիմա, փաստորեն, իր՝ բանտից ազատվելու օրը փորձում է շաղկապել նույն բանի հետ, որ իր բանտից ազատվելն էլ Թուրքիային պարգևեց մեծ նվաճումներ, մեծ հաջողություններ, և դա կշարունակվի, երբ որ Սուրբ Սոֆիան վերածվի մզկիթի:
Էրդողանն էլ արդեն 65-66 տարեկան է, գուցե պարզապես շտապում է իր այս երազանքը կատարել և այդպիսով պատմության մեջ մտնել որպես «21-րդ դարի Ֆեթիհ»: Այս քայլը նրան թույլ է տալիս մտնել պատմության մեջ, քանի որ, ինչպես ասում են, «Սուրբ Սոֆիան կորցրեց իր սրբությունը»,- նշեց Հայկ Գաբրիելյանը: