ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարությունը հրապարակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«ՌԴ տարածքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ոչ միայն լուրջ մտահոգության տեղիք են տալիս Ռուսաստանի հայկական սփյուռքում, այլև փաստացի կրում են մի շարք մարտահրավերներ` ռուսաստանյան հասարակության մեջ ազգամիջյան համաձայնության պահպանման հարցում:
Ադրբեջանական կողմի դիտավորյալ գործողությունները նպատակ են հետապնդում հայ համայնքի ներկայացուցիչներին օրենքով արգելված տարբեր գործողություններում ներգրավելու համար: Այս կապակցությամբ մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցներին՝ խնդրելով չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիայի կամ հավաքի, ինչպես նաև զերծ մնալ սոցցանցերում և տարբեր լրատվամիջոցների հարթակներում պատասխան գործողությունների տարբեր կոչերից:
Մենք նաև խնդրում ենք ձեզ պահպանել զգոնություն և զսպվածություն, ինչպես նախկինում, կատարել Ռուսաստանի Դաշնության օրենքները, մշտապես պահպանել կապը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի, Ռուսաստանի հայերի միության հետ, ինչպես նաև դիմել իրավապահ մարմիններին՝ հնարավոր սադրանքների դեպքում:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը շարունակում են սերտ կապի մեջ գտնվել Ռուսաստանի իրավապահ մարմինների և իշխանությունների հետ՝ ստեղծված իրավիճակը լուծելու համար:
Մեր համերաշխությունը, մեր համաձայնեցված գործողությունները Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության շրջանակներում հանդիսանում են մեր առջև ծագած հարցերը լուծելու բանալին»,- ասված է հայտարարության մեջ: