Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Վերջին օրերին մենք շարունակում ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը փորձում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակը տեղափոխել Ռուսաստանի Դաշնության տարածք և երկու ժողովուրդների համայնքների միջև հակասություն ստեղծել:
Այս դրսևորումները, հիմնականում, տեղի են ունենում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների առևտրատնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն կերպ կապված են Ադրբեջանի իշխանությունների հետ:
Անցած գիշերվա իրադարձությունները, որոնք ուղեկցվեցին բազմաթիվ սադրանքներով, ինչպես նաև հայերի վրա հարձակումները, ևս մեկ անգամ ցույց են տալիս ադրբեջանական կողմի գործողությունների դիտավորյալ բնույթը: Այս սադրանքների նպատակն է խաթարել Ռուսաստանում ազգամիջյան համաձայնության հիմքերը, նպաստել բազմազգ հասարակության մեջ լարվածության աճին և երկրում ստեղծել կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր:
Դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցներ տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին այդ գիշեր տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև սադրանքների այլ փորձերի մասին: Մենք կարծում ենք, որ պետք է անհապաղ իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցներ ձեռնարկել՝ դրա հետագա զարգացումներից խուսափելու համար:
Ռուսաստանի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտները, անկախ ազգությունից և քաղաքացիությունից, պետք է հետևեն Ռուսաստանի Դաշնության օրենքներին: Միաժամանակ, ելնելով ստեղծված իրավիճակից և հայկական համայնքին տարբեր սադրիչ գործողություններում ներգրավելու փորձերից, մենք մեր հայրենակիցներին խնդրում ենք լինել զգոն, զուսպ, չտրվել սադրանքներին, չմասնակցել տարբեր գործողություններին կամ նախաձեռնություններին, որոնք կազմակերպվում են ի պատասխան ադրբեջանական կողմի սադրանքներին:
Մենք շարունակում ենք աշխատել ՝ ծագած խնդիրները լուծելու ուղղությամբ ՝ հավատարիմ մնալով ազգամիջյան խաղաղությունը պահպանելու սկզբունքին: Ցանկացած սադրիչ դրսևորումների առկայության դեպքում խնդրում ենք անհապաղ զեկուցել դեսպանության, Ռուսաստանի հայերի միության ու այլ կառույցների թեժ գծերին, ինչպես նաև դիմել իրավապահ մարմիններին»: