Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին: Վարչապետն արձանագրեց՝ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից:
«Սա շատ կարևոր նորություն է, և հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այև աշնանը՝ համաշխարհային կանխատեսվող հնարավոր երկրորդ ալիքի նկատմամբ, կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ:
Ես նկատեցի, որ այս լուրերի ֆոնին ակտիվացել է կրկին հակահակամաճարակային PR արշավը, որովհետև տեսնում եմ, որ էլի հակադիմակային շարժումներ են սկսվում:
Ուզում եմ հստակ արձանագրենք, թե ինչն է պատճառը, որ տեմպի որոշակի անկում ունենք: Մենք տեմպի առնվազն փոքր անկում ունենք՝ շնորհիվ հակահամաճարակային կանոնների պահպանման, որի գագաթնակետը դիմակների կրումն է: Ինչքան էլ սա տհաճ է մեզ համար, բոլորիս համար էլ տհաճ է, ինձ համար էլ, բայց ակնհայտ է, որ այս դինամիկան մենք ունենք հիմնականում դիմակի կրման որոշակի կարգ ու կանոն ունենալու շնորհիվ»,- նշեց վարչապետը:
Ենթադրությունները, թե տաք եղանակը նույնպես դեր ունի տեմպերի նվազման մեջ, վարչապետը չհերքեց. գուցե ունի, բայց, օրինակ, հունիսի սկզբին այն երկրներում, որտեղ այդ պահին բարձր ջերմաստիճան էր, կորոնավիրուսը տարածվում էր շատ մեծ տեմպերով, էնպես որ, թուլանալ պետք չէ դրական դինամիկայով վիճակագրությունից, պետք է հակահամաճարակային կանոնները ավելի լավ պահել, հակառակ դեպքում հետ կգլորվենք դեպի հունիսյան իրավիճակ՝ հորդորեց գործադիրի ղեկավարը:
«Խնդրում եմ տուրք չտաք այդ անպատասխանատու հայտարարություններին, որովհետև դիմակի կրումը հակահամաճարակային էս պրոցեսի մեջ ունի անկյունաքարային նշանակություն: Իմ կոչն է, որ այս հարցում ավելի ու ավելի համախմբվենք, որ աշնանը լինենք ոչ միայն մեր չափանիշներով, այլ՝ համաշխարհային առումով պատրաստ երկրորդ ալիքին: Խնդրում եմ ամենևին մի թուլացրեք զգոնությունը: Մեր երկրում արդեն 700-ին մոտ մարդ է մահացել կորոնավիրուսից: Եվ սա սարսափելի վիճակագրություն է»,- նշեց Կառավարության ղեկավարը:
Եթե դիմակի հետ կապված փոփոխություն անելու կարիք և հնարավորություն լինի, առաջինը դա կանի Կառավարությունը՝ նշեց վարչապետը՝ հիշեցնելով, որ բոլոր հնարավոր սահմանափակումների թուլացումները նախաձեռնում ու անում է գործադիր մարմինը, եթե դա չի անում հիմա, ուրեմն խելամիտ չէ կամ հնարավոր չէ, վստահություն չկա, որ դա ճիշտ քայլ է:
«Էս կայունությունը ոչինչ չի ասում: Կարող է վաղը, մյուս օրը թվերն էլի աճում են և դառնան շատ մեծ: Էսօր էլ փոքր թիվ չի: Օրական 451 դեպքը պատկերացնո՞ւմ եք: Ավստալիայում 500 դեպք է լինում օրական: Էնպես որ, եկեք էս անհարմարությունները մի քիչ երկար տանենք, բայց դուրս գալուց էնպես, որ իսկապես դուրս գանք և ոչ թե իմիտացիա անենք»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով, որ միայն դիմակների կրմամբ, ձեռքերի հաճախակի լվացմամբ, ախտահանմամբ ու սոցիալական հեռավորությունը պահպանելով կկարողանանք մեզ այսքան անհարմարություն պատճառած վիրուսի օրական դեպքերի քանակը նվազեցնել այնքան, մինչև ամբողջական հաղթահարումը: