Հանրապետությունում առանց ընդմիջման ու ակտիվորեն ընթացող վերահսկողությունը հակահամաճարակային նորմերի պահպանման նկատմամբ տալիս է սպասված արդյունքը. արձանագրվող խախտումների քանակը կտրուկ նվազել է:
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խստացված ու անակնկալ ստուգայցեր են անցկացրել Տավուշի մարզում, մասնավորապես՝ Իջևան քաղաքի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ: Կատարվել է մանրազնին ուսումնասիրություն, և ըստ արձանագրված տվյալների՝ որևէ խախտում չի հայտնաբերվել: Նման իրավիճակը փաստում է տնտեսավարողների պատասխանատվության ու բարեխղճության մակարդակի բարձարացման, ինչպես նաև համավարկը հաղթահարելու տրամադրվածության մասին:
ՍԱՏՄ նախորդ օրերի արձանագրությունների հիման վրա՝ այսօր հանրապետությունում կասեցվել է սննդի շղթայում գործող մի շարք տնտեսավարողների գործունեությունը. խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները, պարետի որոշմամբ սահմանված իրազեկման թերթիկները տեսանելի վայրում փակցված չեն եղել, վաճառքի տաղավարների մոտ բացակայել են գծանշումները, անձանց միջև չի պահպանվել սահմանված համապատասխան հեռավորությունը և այլն:
Վերջին շրջանում արձանագրված խախտումների թվի զգալի նվազումը ոգևորիչ է, սակայն չի թուլացնելու ՍԱՏՄ տեսուչների զգոնությունը. կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է: