Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Ֆեյսբուքի էջում երախտագիտություն է հայտնել Մադրիդում բնակվող հայերին, որոնք պաշտպանեցին դիվանագիտական ներկայացուցչությունն ադրբեջանցի ցուցարարներից:
«Իսպանիայում Հայաստանի դեսպանության անձնակազմի և անձամբ իմ անունից մեր խորին երախտագիտությունն եմ հայտնում իսպանահայությանը, մասնավորապես՝ Մադրիդում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք ընդամենը րոպեների ընթացքում համախմբվեցին ՀՀ դեսպանության շուրջ՝ ցուցադրելով իրենց պատրաստակամությունը՝ պաշտպանել Հայրենիքի դիվանագիտական ներկայացուցչությունը ագրեսիվ տրամադրված ադրբեջանցի մի խումբ ցուցարարներից։
Մենք շնորհակալ ենք նաև Իսպանիայի այլ քաղաքներում՝ Բարսելոնում, Վալենսիայում, Ալիկանտեում, Մալագայում, Սևիլյայում և այլ մեծ ու փոքր քաղաքներում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք հեռախոսազանգերի, ֆեյսբուքյան էջերի միջոցով իրենց աջակցությունն էին հայտնում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին։
Մեր առանձին երախտագիտությունն ենք հայտնում Իսպանիայի ազգային ոստիկանությանը՝ ՀՀ դեսպանության անվտանգությունը պատշաճ ապահովելու համար։ Մենք շնորհակալ ենք մեր իսպանացի բարեկամներին՝ քաղաքական, հասարակական գործիչներին, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին, լրագրողներին, պարզապես սովորական մարդկանց, որոնք իրենց հայտարարություններով, հոդվածներով, հեռախոսազանգերով, կամ ՀՀ դեսպանություն այցելելով իրենց աջակցությունն էին հայտնում Հայաստանի ու Արցախի ժողովրդին և դատապարտում Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ։
Շնորհակալություն բոլորին»,- ասել է դեսպանը։