ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Այս օրերին մի շարք երկրներում տեղի են ունենում ադրբեջանցիների հարձակումներ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելության հիմքով:
Այս մասին վկայում են նյութերը (տեսանյութեր, գրառումներ և այլն), որոնք Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմը ստանում է ահազանգերի միջոցով, ինչպես նաև հրապարակային նյութերի դիտարկմամբ:
Դիտարկումը ցույց է տալիս, որ հայերի նկատմամբ հարձակումները տեղի են ունենում էթնիկ պատկանելության հիմքով ատելության (armenophobia) շարժառիթով և ուղեկցվում են ատելություն պարունակող, արժանապատվությունը նվաստացնող վանկարկումներով: Հարձակումներն ունեն սադրող բնույթ, տեղի են ունենում խմբերով՝ անպաշտպան քաղաքացիական անձանց վրա՝ նրանց հանկարծակիի բերելով:
Հրավիրում եմ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված երևույթների վրա: Դա պետք է անհապաղ կանխել՝ հետագա լարվածություն և վտանգավոր զարգացումներ թույլ չտալու նպատակով: Այսօր միջազգային կառույցներին կուղարկեմ պաշտոնական նամակներ:
Կոչ եմ անում ցուցաբերել զգոնություն և չտրվել սադրանքների: Չի կարելի թույլ տալ օրենքով արգելված որևէ արարք, այդ թվում՝ անպաշտպան մարդկանց նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել վտանգավոր զարգացման և լարվածությանը նպաստող ցանկացած երևույթ»: