Այս տարի պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզում աննախադեպ թվով՝ 104 սուբվենցիոն ծրագրեր են իրականացվելու, որոնք միտված են համայնքներում տարիներով առկախված խնդիրների լուծմանն ու բնակչության կյանքի որակի բարձրացմանը, տեղեկացնում են մարզպետարանից և ներկայացնում 6 ամենախոշոր բյուջեով սուբվենցիոն ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ 839 մլն ՀՀ դրամ է:
Աբովյան համայնքում հիմնանորոգվելու է կենտրոնական Հատիս պողոտան՝ 1.5 կմ ճանապարհահատված: Կատարվելու են ամբողջական ասֆալտապատման, հիմնաքարերի նորոգման ու փոխարինման, ջրահեռացման համակարգի նորոգման և կահավորման աշխատանքներ: Ծրագրի արժեքը կազմում է 369.821.260 ՀՀ դրամ:
Ջրվեժ համայնքում նախատեսվում է 190 երեխայի համար հիմքից նոր մանկապարտեզ կառուցել։ Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ու նորագույն լուծումներով մանկապարտեզը կարող է ընդունել ոչ միայն Ջրվեժի, այլև հարակից բնակավայրերի երեխաներին: Ծրագրի արժեքը 396.485.230 ՀՀ դրամ է:
Ամբողջությամբ կասֆալտապատվի Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհը (1,5 կմ), հիմնովին կփոխվեն կից ջրահեռացման համակարգերը և կանցկացվի գիշերային լուսավորություն: Թեղենյաց վանական համալիր տանող շուրջ 2.5 կմ գրունտային ճանապարհը ևս կհարթեցվի՝ անցանելի դառնալով ավտոմեքենաների համար։ Ինչպես նաև, գյուղի վերևի հատվածում՝ անտառափեշին, կկառուցվի խոշոր տուրիստական ավտոբուսների համար նախատեսված կայանատեղի։ Ծրագրի արժեքն է 292.160.500 ՀՀ դրամ:
Առինջ համայնքում նախատեսվում է 12 փողոցի (շուրջ 27.000 քառակուսի մետր) նորոգման աշխատանքներ: Կիրականացվեն ասֆալտապատման, հիմնաքարերի նորոգման ու փոխարինման, ջրահեռացման համակարգի նորոգման և կահավորման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 260.133.200 ՀՀ դրամ է:
Զովունի բնակավայրում կոյուղագծի կառուցումը և վատ վիճակում գտնվող ներքին ցանցի բարեկարգումը առաջնային լուծում պահանջող խնդիրներից է, որն էլ կլուծվի 2020 թ. հաստատված սուբվենցիոն ծրագրի շնորհիվ: Կկառուցվի ու կնորոգվի մոտ 3 կմ կոյուղագիծ: Ծրագրի արժեքը 276.884.500 ՀՀ դրամ է:
Եղվարդ քաղաքում մոտ 1 հա տարածք զբաղեցնող հանրային հանգստյան գոտի կկառուցվի: Հանգստյան գոտին կունենա փոքրիկ լողավազան, ամֆիթատրոն, բարեկարգ ու կանաչապատ զբոսայգի, մանկական ժամանցի վայրեր ու կանաչապատ ճեմուղիներ։ Ծրագրի արեքը կազմում է 243.991.180 ՀՀ դրամ: