ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի էջում պարզաբանում է ներկայացրել ինքնասպանության փորձ կատարած քաղաքացու վերաբերյալ:
«Վերջերս տարբեր ԶԼՄ-ներ նույնիսկ ուղիղ եթերով լուսաբանում են ինքնասպանության փորձ անող քաղաքացու արարքը։ Այդ հրապարակումներն ինձ ստիպում են մանրամասներ հրապարակել։
Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում է եղել 6 տարի, որից հետո՝ 2012 թ., դուրս Է եկել մանկատնից (10 տարեկանում)՝ տեղափոխվելով Երևանի հատուկ դաստիարակչական դպրոց: Նա ներառված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված ծրագրի շահառու ճանաչված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների ցուցակում, քանի որ մանկատան շրջանավարտ չէ:
2019-ից մինչ օրս առնվազն 5 ահազանգ ենք ստացել, որ կամրջից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարում։ Առաջին ահազանգից հետո անձամբ եմ հանդիպել քաղաքացու հետ, տեղեկացրել եմ, որ հնարավոր տարբերակ կգտնենք նրան օգնելու համար։ Փոխանցել եմ իմ բջջային հեռախոսահամարը, խնդրել եմ նաև, որ սոցիալ-հոգեբանական ծառայություններից չհրաժարվի։ Իմ հանձնարարականի համաձայն՝ նրան վեց ամսվա բնակության հնարավորություն է ընձեռվել «Վետերան» օթևանում, որի ժամկետը երկարացվել է ևս վեց ամսով՝ մինչև 01.09.2020 թ.:
Խնդրին վերջնական լուծում տալու նպատակով նրա տվյալները ներառվել են ՀՀ կառավարության 21.05.2020 թ. «ՀՀ կառավարության թիվ 1009-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N795-Ն որոշման մեջ, որպես Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեի բնակիչ: Որոշման ընդունումից հետո նրան առաջարկվել սահմանված կարգով կնքել կացարանի և սոցիալական ծառայությունների տրամադրման պայմանագիր՝ 10 տարի ժամկետով: Սակայն, նա հրաժարվել է պայմանագրի կնքումից՝ պահանջելով տրամադրել բնակարանի գնման վկայագիր:
Այս պահին նախարարությունը քննարկում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով բացառության կարգով բնակարանի գնման վկայագրեր են տրամադրվում բնակարանի գնման վկայագրի տրամադրումը մերժված մանկատան մի քանի սանի, այդ թվում՝ վերը նշված քաղաքացուն։
Նշեմ, որ տարբեր ԶԼՄ-ներում հրապարակումների հերոս դարձած քաղաքացին մշտական կապի մեջ է ոչ միայն նախարարության, այլ նաև ՀՀ վարչապետի օգնականների հետ։ Տեղեկությունը, թե Կառավարության անդամները նրան խաբել են և որևէ կերպ չեն աջակցել կացարանի կամ բնակարանի հարցում, չի համապատասխանում իրականությանը»:
Հիշեցնենք՝ երեկ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Գագիկ Յ․-ի (ծնված՝ 1985 թ․) ինքնասպանության փորձը։