Սևանա լճից ձկան որս կարելի է, բայց այն պետք է լինի կարգավորված: Այդ մասին լճի ափին հրավիրած մամուլի ասուլիսին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Կա երկու խնդիր՝ ինչ չափսի ձկներ պետք է բռնել, և երբ պետք է բռնել»,- հստակեցրեց մարզպետը:
Նա հիշեցրեց, որ Կառավարությունը նոյեմբերին ընդունել է Սևանա լճում ձկնորսության կարգ, որն ուժի մեջ է մտել օրերս: Նրա խոսքով՝ «Սևան» ազգային պարկն արդեն 10 օր է՝ հայտեր է ընդունում ձկնորսների կողմից: Ըստ ընդունված կարգի՝ սահմանվել է 17 կետ, ըստ որի՝ պարկի աշխատակիցները կստուգեն լճից ձկան որսը:
«Դա կբերի նրան, որ օրենքով կկարգավորվի ձկան որսը, պետբյուջե գումար կմտնի՝ 1 կգ-ի համար 65 դրամ՝ որպես բնավճար, և բանակին մատակարարվող սննդի մեջ հնարավոր կլինի ներառել նաև սիգը»,- նշեց Գ.Սանոսյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարվա համար թույլատրված է 200 տոննա ձկան որս, սակայն եթե հայտերն ավելի լինեն, հնարավոր է՝ սահմանված չափաքանակը փոխվի: