Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ տնտեսվարողներին ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ։
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արթուր Աղաբեկյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Էռնեստ Գրիգորյանը, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Հրանտ Սաֆարյանը։
Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ այսօր հանրապետության տնտեսության առջև ծառացած են մի շարք մարտահրավերներ, որոնցից ամենահրատապը ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով առաջացած արտահանման և ներքին սպառման հետ կապված խնդիրներն են։ Այս համատեքստում հանրապետության նախագահն ընդգծել է, որ Արցախի Ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը պետք է առաջին հերթին նպաստեն երկրի տնտեսության ակտիվացմանը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մշակել նոր գործիքակազմեր, որոնց հիմքում կդրվեն արդյունավետության, թափանցիկության, հասցեականության և ներառականության սկզբունքները։
Նախագահը հանձնարարել է պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ ուսումնասիրել և հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել աջակցության ավելի երկարաժամկետ ու արդյունավետ ծրագրեր առավել խոցելի տնտեսվարող սուբյեկտների ու բնագավառների համար: Երկրի ղեկավարը նշել է, որ տնտեսության կայուն զարգացման շրջանակներում առաջիկայում համապատասխան աշխատանքներ կտարվեն նաև այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք չեն օգտվում պետական աջակցության ծրագրերից։