Հայ դասականների՝ Իսահակյանի, Նալբանդյանի, Աբովյանի և Կորյունի անուններով գրատնակները երեք տարվա կյանք ունեցան: Գիրքը մարդուն մոտեցնելու մտադրություններից մեկը երկար չաշխատեց. մասնավոր ընկերությունը, մեկ տարի անց, այլ նպատակով օգտագործեց գրքի տեսքով գրախանութները.
Հովիկ Սաֆարյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ - Մենք բավական մեծ ժամանակ ենք ունեցել համոզվելու, որ այդ գրատնակներն իրենց նպատակին ծառայում են, թե ոչ: Դրանք ուղղակի դարձան կրպակներ, ուղղակի ինչ-որ մեկի համար բիզնես դարձան: Ընդ որում՝ այն անձը, որը պետք է զբաղվեր գրքի վաճառքներով, հանձնել էր ենթավարձակալության և գումար էր վաստակում:
Հովիկ Սաֆարյանն ապօրինի է համարում անվանական գրատնակների տեղադրումը: Ավելին՝ դրանք ըստ քաղաքապետարանի լրացուցիչ բեռ են եղել մայթերին, դժվարություններ առաջացրել հետիոտների տեղաշարժի համար:
Հովիկ Սաֆարյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ - Գրատնակների բացումը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսին, սակայն պաշտոնական որոշումը գրատնակների տեղադրման թույլտվության դուրս է եկել 2018 թվականի փետրվար կամ մարտ ամսին:
Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Ֆեյսբուքում գրել է, որ գրատնակների սեփականատիրոջ հետ որևէ կապ չունի, կարգին չի էլ ճանաչում այդ ընկերության ղեկավարներին։ Ինքն ավելի շատ փորձել է ամբողջացնել դիզայներ Նուռի գրատնակների գաղափարը։
ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը նկատում է՝ գրատնակներն ըստ էության չծառայեցին իրենց նպատակին.
Նարինե Խաչատուրյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Ես մեկ անգամ եմ ընդամենը գնում կատարել Ավետիք Իսահակյան կրպակից և մյուս անգամներն այդ կրպակները պարզապես ինձ անձնապես չեն գրավել գիրք գնելու առումով, որովհետև նախ ընտրության հարցն ավելի սահմանափակ էր, ես ավելի մեծ գրախանութներից եմ սիրում օգտվել:
Փոխնախարար Խաչատուրյանն այլընտրանքային լուծում չի առաջարկում, փոխարենը մասնավորին հորդորում է դրանք դուրս բերել Երևանից, որ գիրքն առավել հասանելի լինի մարզերին.
Նարինե Խաչատուրյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Եթե պետք է դրանք ապամոնտաժվեին, ապա ես շատ կուզենայի, որ այդ կրպակներն ապահով ապամոնտաժվեին և տեղափոխվեին համայնքներ, մարզեր, որովհետև վստահ եմ և գիտեմ, որ համայնքներում նման բաների կարիք շատ կա:
3.5 մետրանոց կիսաբաց գիրք հիշեցնող գրատնակներից յուրաքանչյուրը գնահատվել էր 6 միլիոն դրամ: Մասնավոր ընկերության ներդրումներով` նախատեսված էր ծախսել 60 միլիոն դրամ, սակայն մայրաքաղաքում տեղադրվեց 10-ից 5-ը: Երեք տարի անց բոլորն էլ ապամոնտաժվեցին. երևանցիները լիահույս են, որ բաց մնացած տարածքներն, ամեն դեպքում, մշակութային «խաչմերուկ» կդառնան: