Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ Կառավարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված ՀՀ-ՄԱԿ առաջիկա Համագործակցության շրջանակի վերաբերյալ առանցքային փաստաթղթերի նախագծերին
Քննարկմանը մասնակցել են Կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև` առցանց կերպով քննարկմանն են միացել Հայաստանում ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների ղեկավարներ:
Օրակարգում էին 2021-2025 թթ․ համար ՄԱԿ-ի կայուն զարգացման Համագործակցության շրջանակի նախագիծը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի երեք գործակալությունների՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2021-2025 թթ. համագործակցության ծրագրերի նախագծերը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ օրակարգում այն առանցքային փաստաթղթերն են, որոնց շուրջ կշարունակեն զարգանալ ու խորանալ ՀՀ-ՄԱԿ հարաբերությունները:
«Հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք ոլորտային ռազմավարությունների և 2020-2050 թթ. Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման և վերանայման փուլում՝ կարևորում եմ ՄԱԿ-ի հետ համագործակցության փաստաթղթերի և մեր ազգային ռազմավարությունների ներդաշնակեցումը՝ կենտրոնանալով Կայուն զարգացման նպատակների 2030 թ. օրակարգի վրա:
Ցանկանում եմ նաև, օգտվելով առիթից, նշել, որ վերջերս հրապարակվեց ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ Հայաստանի կամավոր ազգային գնահատման երկրորդ զեկույցը, որն իսկապես կարևոր է Կառավարության ու մեր միջազգային գործընկերների ներդրված համատեղ ջանքերը գնահատելու և առաջիկա անելիքներն ուրվագծելու համար»,- նշել է փոխվարչապետը:
Շոմբի Շարփը, ներկայացնելով 2021-2025 թթ․ ՄԱԿ-ի կայուն զարգացման Համագործակցության շրջանակը, նշել է.
«Այսօրվա հանդիպումը կարևոր հնարավորություն էր՝ ՄԱԿ-ի նոր՝ 2021-2025 Գործընկերության շրջանակի ռազմավարական ուղղությունները Կառավարության հետ համաձայնեցնելու համար։ Գործընկերության շրջանակը ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների առաջիկա հինգ տարիների համագործակցության ամբողջական առաջարկն է, որը բխում է Հայաստանի ազգային առաջնահերթություններից և կարիքներից:
Մենք կքննարկենք նաև ՄԱԿ-ի երեք գործակալությունների համագործակցության նոր ծրագրերը, որոնք, Հայաստանում գործունեություն ծավալող ՄԱԿ-ի բոլոր 12 գործակալությունների հետ համատեղ, կնպաստեն ՄԱԿ-ի Գործընկերության շրջանակի նպատակների իրագործմանը։ Ես վստահ եմ, որ մեր բոլոր գործընկերների հետ միասին մենք կարող ենք Հայաստանում իրագործել 2030 օրակարգը՝ երաշխավորելով էլ ավելի լավ կյանք և ապագա բոլորի համար»:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը երկուստեք կարևորել են նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ համագործակցությունն առավել արդյունավետ և կառուցողական դարձնելու առումով: