Հուլիսի 29-ին լրանում է հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 203-ամյակը։
Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնը հուլիսի 24-29-ը նախաձեռնել է օնլայն միջոցառումների շարք՝ «Այվազովսկու օրեր» խորագրով։
Ծրագրի շրջանակում Թեոդոսիայի Հ․ Այվազովսկու պատկերասրահի և Հայաստանի ազգային պատկերասրահի գործակցությամբ նախատեսվում են վիրտուալ էքսկուրսիաներ, դասախոսություններ, վիկտորինաներ և ծանոթություն Այվազովսկու ժառանգների հետ։
«Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում՝ հայկական ընտանիքում։ Ծովանկարիչը հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն է, նրա արվեստը միավորում է բոլոր ազգերին։ 200 տարի անց էլ Այվազովսկու անունով անվանակոչվում են օդանավակայաններ, տեղադրվում հուշարձաններ։ Գեղանկարիչը թողել է համաշխարհային մեծ ժառանգություն»,- նշում է Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Հուլիսին Թեոդոսիայում գեղանկարչի պատկերասրահը մարդաշատ է լինում տեղացիներով և զբոսաշրջիկներով։ Հ․Այվազովսկին Թեոդոսիայի խորհրդանիշն ու այցեքարտն է, քաղաքի բոլոր ցուցանակները տանում են դեպի ծովանկարչի տուն, որն այժմ պատկերասրահ-թանգարանի է վերածվել։ Այս տարի, համավարակով պայմանավորված, «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնը ստեղծեց հնարավորություն՝ օնլայն ծանոթանալ ծովանկարչի կյանքին, կենսագրությանն ու թողած ժառանգության պատմությանը: Վիրտուալ էքսկուրսիան կվարի պատկերասրահի տնօրենը՝ Տատյանա Գայդուկը։
«Իհարկե, ոչինչ չի փոխարինի գեղանկարչության հետ անմիջական, կենդանի շփմանը, առավել ևս Այվազովսկու աշխատանքների դեպքում, սակայն սա ևս հիանալի առիթ է՝ վայելելու գեղանկարչի փառահեղ աշխատանքները»,- նշում է պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը։
«Այվազովսկու օրեր» միջոցառումների շրջանակում Այվազովսկու ժառանգները՝ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, տեսաուղերձներով շնորհավորել են իրենց նախապապի 203-ամյակը և պատմել հետաքրքիր պատմություններ։