Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է: Այդ մասին նշվում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգում, որը հավանության է արժանացել Անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում: Ռազմավարությունն Արցախին անդրադարձ է կատարում առանձին ենթագլխով: Այն վերնագրված է «Արցախի անվտանգության ապահովում»:
Արցախին առնչվող շեշտադրումների վերաբերյալ 1lurer.am-ը զրուցեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Անահիտ Շիրինյանի և ԱՀ անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության վարչության պետ Անուշ Դոլուխանյանի հետ:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Անահիտ Շիրինյանն ընդգծեց, որ ռազմավարությունում ներկայացված են ՀՀ-ի դիրքորոշումները թե՛ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի, թե՛ Արցախի՝ առանց սահմանափակման ինքնորոշման իրավունքի իրացման, թե՛ Արցախի անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԱՏԱՐ ԿԿԱՆԳՆԻ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆԸ
«Ռազմավարության մեջ Արցախին առնչվող հատվածում կարևոր շեշտադրումներից է այն, որ Արցախի հարցը ներառվել է ՀՀ հիմնարար ազգային շահերից մեկի համատեքստում: Արցախի հարցը ռազմավարությունը դիտարկում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովումը վերնագրով մեկ ամբողջություն կազմող ազգային շահի համատեքստում: Սա նշանակում է, որ, ըստ էության, Արցախի հարցին բավականին բարձր կարգավիճակ է տրված տեքստում: Մյուս կարևոր նրբերանգն այն է, որ ամբողջ ռազմավարության տեքստում կնկատեք, Հայաստան, ՀՀ և Արցախ տերմինների կիրառումը փոխադարձաբար, որտեղ Հայաստանը, կոնտեքստից ինչպես կարող եք հասկանալ, հանդես է գալիս ավելի լայն աշխարհագրական և գաղափարական տարածք»,- ասաց Անահիտ Շիրինյանը:
ԱԽ քարտուղարի խորհրդականը նաև այլ շեշտադրումներ առանձնացրեց՝ կարևորելով այն կետը, որտեղ ռազմավարությունը փաստում է, որ Հայաստանը շարունակելու է սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի: Նա աննախադեպ արձանագրում համարեց նաև այն, որ Արցախը պետք է ունենա անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական գծեր, բացի նրանից, որ նաև պետք է ունենա Հայաստանի Հանրապետության հետ՝ ապահով, անվտանգ և բազմազանեցված փոխկապակցվածության համակարգ։
«Առանց սահմանափակման և հարկադրանքի ինքնորոշման իրավունքը կարևոր է, քանի որ դա փաստում է, որ որևէ սահմանափակում որևէ այլ ուժի կողմից չի կարող Արցախին պարտադրվել, և Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու իր կարգավիճակը: Մեկ այլ կարևոր շեշտադրում է, որ նույն՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմք է հանդիսանում Արցախի բնակչության համար՝ իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով բանակցությունների բոլոր փուլերում լիարժեք մասնակցելու՝ իր իսկ ճակատագրի որոշմանը»,- ասաց ԱԽ քարտուղարի խորհրդականը:
Շիրինյանը նաև շեշտեց, որ ռազմավարությունն Արցախի կարգավիճակին մոտենում է ինքնորոշման իրավունքի ճանաչման միջազգային ընդունված ընթացակարգերի տրամաբանությամբ: Նա ընդգծեց, որ փաստաթուղթը պետք է իր ամբողջության մեջ դիտարկել, և առանձին բառերից կառչելն ընդհանրապես ռազմավարության ընթերցման և մեկնաբանման ճիշտ ձև չէ:
ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՆԽԱՐԳԵԼՎԻ
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ Արցախի անվտանգության խորհրդի դիրքորոշմանն անդրադառնալով՝ 1lurer.am--ի հետ զրույցում ԱՀ անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության վարչության պետ Անուշ Դոլուխանյանը գլոբալ զարգացումների համատեքստում՝ ՀՀ-ում տեղի ունեցած վերջին զարգացումների ֆոնին, հիմնավորված է համարում ՀՀ-ի այս ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումն ու ներդրումը, որն ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ: Նա նշեց, որ վերջերս հանրայնացված այդ փաստաթուղթը մի շարք առանձնահատկություններ ունի, հատկապես՝ Արցախի առումով: Դոլուխանյանի խոսքով՝ քանակական և որակական նոր հարթության վրա են դրվել Արցախի հարցով ՀՀ մոտեցումները՝ ընդգծելով Արցախի անվտանգության և ազատության երաշխավորի դերը:
«Հայաստանի՝ որպես տարածաշրջանի ռազմավարական նշանակության պատասխանատու սուբյեկտի համար մտահոգիչ են տարածաշրջանի և աշխարհում խորացող ճգնաժամերը: Այս առումով Հայաստանը դրանք հաղթահարելու գործում դերակատարություն ստանձնելու պարտավորություն և պատասխանատվություն է ստանձնել՝ ներառյալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքն է: Հետևապես՝ Հայաստանը ոչ թե Թուրքիայի տրամաբանությամբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միջամտելու, այլ, որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավոր, հակամարտության խաղաղ կարգավորմանը միջնորդելու նպատակով «մեկ ազգ, մեկ պետություն» սկզբունքով աջակցում է Արցախի իշխանություններին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից հայ ժողովրդին պաշտպանելու գործում: Հայաստանը պատրաստակամություն է ստանձնելու և կանխարգելելու Արցախի անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգություն:
Նշենք նաև, որ Հայաստանն իր և Արցախի անունից այս փաստաթղթով վերահաստատում է հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին: Ես դա ընդգծում եմ ՀՀ և Արցախի արտաքին քաղաքական վեկտորի առումով»,- ասաց Անուշ Դոլուխանյանը:
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը ազգերի ինքնորոշման իրավունքն է: Այն հիմք է Արցախի համար՝ իր ընտրած իշխանությունների միջոցով լիարժեք մասնակցություն ունենալու իր ճակատագրի որոշմանը՝ առանց սահմանափակումների և հարկադրանքի»: Ռազմավարության այս մեջբերմանն անդրադառնալով՝ Դոլուխանյանն ասաց.
«Սեփական ճակատագրի որոշմանը մասնակցություն ունենալը պետք է հասկանալ Արցախի հակամարտության օբյեկտից սուբյեկտ ճանաչվելու խնդրի առաջադրմամբ: Այսինքն՝ նրա փաստացի ներգրավվածությունը բանակցություններին: Ուշադրության արժանի է նաև ռազմավարությունում ամրագրված՝ Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու և աջակցելու Արցախում մարդու անօտարելի իրավունքների լիարժեք իրացմանը, որն ըստ ռազմավարության՝ հավաքական նպատակ պիտի լինի նաև միջազգային հանրության համար: Կարծում եմ՝ դա ոչ այլ ինչ է, քան անուղղակի հղում Արցախի անկախության ճանաչմանը: Այստեղ ևս, փաստորեն, Հայաստանը հավատարիմ և հետամուտ է առաջին հերթին իր ազգային շահերին և հանձնառու է երաշխավորելու առաջին հերթին համահայկականության անվտանգությունը»,- ընդգծեց ԱՀ անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության վարչության պետը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Անդրադառնալով Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների գործակցությանը՝ Անուշ Դոլուխանյանը հայտնեց, որ Արցախում ազգային անվտանգության խորհուրդը վերակազմավորվել է և ներկայանալու է որպես առանձին գրասենյակ՝ գործառույթների ընդլայնմամբ: Այն զբաղվելու է բոլոր ոլորտների անվտանգային հարցերով՝ ուժայինների անվտանգությունից մինչև կրթության, գիտության, մշակույթի, տեղեկատվության անվտանգություն: Դոլուխանյանը շեշտեց, որ հայաստանյան գործընկերոջ հետ գործակցությունը շարունակվելու և խորանալու է:
«Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ գործունեությանը նոր որակ հաղորդվեց ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: Այս երկու կառույցները կոնկրետ պարբերականությամբ համատեղ նիստեր սկսեցին գումարել: Սա լրացուցիչ ազդակ հաղորդեց գործակցությանը և դարձավ ազգային անվտանգային հարցերի քննարկման գործուն հարթակ: Գործուն հարթակ ասելով՝ նկատի ունեմ, որ այն սոսկ քարոզչական կամ ֆորմալ բնույթ կրող գործակցություն չէ, այլ հայկական երկու հանրապետությունների անվտանգության պատասխանատուների ներգրավմամբ անվտանգային օրակարգ սահմանող և այն իրացնող ձևաչափ»,- ասաց ԱՀ անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության վարչության պետը:
Դոլուխանյանի խոսքով՝ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդները նախ և առաջ ունեն սեփական օրակարգ, և դրանց շուրջ ձևավորվում են պետական, ազգային և համահայկական մոտեցումներ, իսկ խորհրդակցական մակարդակում առաջադրում են դրանց լուծման կամ հաղթահարթման ուղիները: Նա ընդգծեց, որ համատեղ նիստերն ու քննարկումներն առավելապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակետային փոխակերպումների վերաբերյալ են, և այդ առումով ԱՀ անվտանգության խորհուրդը շարունակելու է հայաստանյան գործընկեր կառույցների հետ փոխգործակցության խորացումը՝ որպես համահայկականության կարևոր բաղադրիչ:
Անդրադառնալով երկկողմ գործակցությանը՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Անահիտ Շիրինյանն ասաց, որ անվտանգության խորհուրդների համատեղ նիստերը կայացած ձևաչափ են, և այն պայմանավորված է նրանով, որ Հայաստանը, հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավոր, նաև ակամայից հանդես է գալիս որպես ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր: Նա տեղեկացրեց, որ արդեն չորս նիստ է տեղի ունեցել:
Շիրինյանը շեշտեց, որ այդ հանգամանքը Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերը անխուսափելիորեն մեկ միասնական է դարձնում, կապում իրար, ինչն էլ առաջացնում է բոլոր անվտանգային ինստիտուտների ներդաշնակ փոխգործակցության անհրաժեշտությունը: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի խոսքով՝ հենց դրան է միտված երկու անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ձևաչափը: