Հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծած ագրեսիայի պարտությունից, Մոսկվայում «ծիրանային տապալված դիվերսիայից» հետո Մոսկվայում ադրբեջանցիները շարունակում են սադրիչ գործողությունները: Իրենց հայրենասիրական պոռթկումները սահմանին ցուցադրելու փոխարեն՝ նախընտրում են մութ գիշերով խմբերով հարձակվել միայնակ, նախընտրելի է՝ տարեց հայերի վրա ու չակերտավոր հերոսանալ՝ հանուն պարտված հայրենիքի։ Ադրբեջանցի խուլիգանները միմյանց համացանցում կոչ են անում դիմել զանգվածային ահաբեկչության՝ ազգամիջյան կոնֆլիկտ հրահրելով Ռուսաստանի տարածքում։ Եվ սա տեղի է ունենում երեկվա՝ արգործնախարար Լավրովի հետ երկու համայնքների հանդիպման ֆոնին։
Անցնող գիշեր հայերի և ադրբեջանցիների միջև տեղի են ունեցել բախումներ մայրաքաղաքի հարավ-արևելքում՝ Մարինո, Բրատիսլավսկայա և Լյուբլինո շրջաններում։ Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ մի խումբ կատաղած ադրբեջանցիներ նախապես պլանավորված կերպով հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա: Հարձակման ականատեսներից մեկը, ով ցանկացավ գաղտնի մնալ, «Լուրերին» պատմեց, թե ինչպես են ըներներից մեկի մեքենան ջարդուփշուր արել, ադրբեջանցիները, խումբ կազմած, հարձակվել են իրենց վրա, ռուս ընկերներից մեկն էլ դանակի հարված է ստացել ոտքին։
Իրավիճակը շարունակում է լարված մնալ Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում։ Այսօր կենցաղային հողի վրա բախումների մասին ահազանգեր են եղել նաև Եկատիրինբուրգից, Ռոստովից, Կալինինգրադից և այլ քաղաքներից։ Այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև սադրանքների այլ փորձերի մասին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը, բոլոր հայկական կառույցները տեղեկացրել են Դաշնության պատկան մարմիններին: Սադրանքների նպատակը եղել է Ռուսաստանում ազգամիջյան համաձայնության հիմքերը խարխլելը, բազմազգ հասարակության մեջ լարվածության աճին նպաստելը, ասում է դեսպան Տողանյանը։
Պաշտոնապես կա 4 տուժած: Նրանցից երեքը Մոսկվայի հիվանդանոցներում ստանալով համապատասխան օգնություն՝ դուրս են գրվել, մեկի վիճակը բարվոք է։ Դեսպանությունը ստացել է տեղեկություններ 30-ից ավելի տուժածների մասին, որոնք, սակայն, չեն դիմել բուժօգնության։ 30 ադրբեջանցիների Մոսկվայի հատուկ ջոկատայինները ձերբակալել են խուլիգանության և ազգամիջյան պառակտում հրահրելու մեղադրանքով։ Այդ մասին հայտնել են մայրաքաղաքի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։ Ձերբակալվածների թվում կան նաև հայեր։ Ուժայիններն արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում այն վայրերում, որտեղ կան մեծ կուտակումներ՝ մետրոյի կայարաններում և առևտրի կենտրոններում։
Դեպքի առթիվ մայրաքաղաքի ոստիկանությունը ստուգում է իրականացնում։ Դեսպանությունը շարունակում է աշխատանքը ծագած խնդիրների լուծման ուղղությամբ՝ հավատարիմ մնալով ազգամիջյան խաղաղության պահպանման սկզբունքին։ Որևէ սադրիչ դրսևորման դեպքում դեսպանությունը հորդորում է անհապաղ տեղեկացնել բոլոր պատասխանատու կառույցների թեժ գծերին, դիմել իրավապահ մարմիններին: