Հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից մշակված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ:
Գործող օրենսդրությամբ նախատեսված է ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացվող հատուկ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները, սակայն ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթին առնչվող հնարավոր առանձնահատկությունները որևէ կերպ չեն կարգավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:
Քննարկման ընթացքում կարևորվել է նմանօրինակ իրավակարգավորումների առկայության անհրաժեշտությունը, քանի որ ռազմական դրության պայմաններում իրականացվող վարույթի նկատմամբ չեն կարող ամբողջ ծավալով կիրառվել գործող քրեադատավարական ինստիտուտներն ու կանոնակարգումներն այն պատճառով, որ ռազմական դրությունն իրենից ներկայացնում է երկրում կամ դրա առանձին հատվածներում նախատեսվող հատուկ իրավական կանոնակարգ, որը ենթադրում է բնորոշ գծերի առկայությունը, այն է՝ զինվորական իշխանությունների լիազորությունների ընդլայնում, բնակչության նկատմամբ լրացուցիչ պարտականությունների սահմանում, որոշակի սահմանափակումների նախատեսում և այլն:
Անդրադարձ է եղել նաև խնդրո առարկա իրավակարգավորումների վերաբերյալ միջազգային փորձին: Քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվել են նախագծով առաջարկվող լրացումների արդիականությունը, նպատակները, հիմնախնդիրները: Նախագիծը ՀՀ քննչական կոմիտեում դրվել է ներքին շրջանառության մեջ, որի արդյունքում այն լրամշակվել է:
Նախագծով առաջարկվող դրույթները վերաբերում են ռազմական դրության պայմաններում իրականացվող վարույթի կարգին, ձերբակալման առանձնահատկություններին, առանձին քննչական գործողությունների կատարման առանձնահատկություններին՝ նախատեսելով դրանց կատարման և ամրագրման գործընթացների պարզեցմանը (դեֆորմալիզացիային), մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանափակումներին:
Խորհրդակցության արդյունքներով, հաշվի առնելով հնչած առաջարկությունները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է լրամշակել նախագիծը և ներկայացնել շահագրգիռ մարմինների քննարկմանը: