Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, անկասկած, սահմանային լարվածության այս փորձությունից դուրս ենք եկել հաղթանակած և վստահ մեր ուժերին, ժողովրդի և հասարակության տոկունությանը, բայց անհրաժեշտ է կատարել որոշակի հետևություններ:
«Չենք կարող անտեսել փաստը, որ 2016 թ. ապրիլից հետո Ադրբեջանը երկրորդ անգամ ուժ կիրառեց, այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, երբ առկա էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից: Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել էր մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի դեմ պայքարի վրա: Բայց և այնպես, մենք մեր դիրքորոշումը ամրապնդել ենք, և դրանք արտահայտվում են հետևյալում.
-
Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսանկյունից խիստ կարևորում եմ Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունն ու, առկա սպառնալիքներին համապատասխան՝ նոր բովանդակություն հաղորդելը:
-
Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցային լիարժեք կողմ:
-
Ադրբեջանը պետք է հրապարակավ հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:
-
Բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի մոտեցումը, թե բանակցությւոնները պատերազմի շարունակությունն են, և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկում է ողջ գործընթացը: Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումներից և պատրաստ է փոխզիջման: Առանց որևէ սահմանափակման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում:
-
Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Ադրբեջանին զենք մատակարարող պետությունները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ տպավորություն է, որ Հայաստանի զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա, գերճշգրիտ, մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ:
-
Երրորդ տասնամյակը ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին և Արցախում ապրող մարդկանց ու խախտում է նրանց քաղաքական, տնտեսական, բնապահպանական, տեղաշարժի և այլ իրավունքներ: Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս:
-
Հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է: Անհրաժեշտ է ներդնել այնպիսի մոնիթորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ ու որ կողմն է խախտել հրադադարը: Նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում՝ թե՛ պետական սահմանին, թե՛ շփման գծում:
-
Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Վճռականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանն ապակայունացնելու Թուրքիայի փորձերը:
Հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018-ի թավշյա հեղափոխության, դրան հետևած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության և համախմբվածության նոր մակարդակի են հասել: Կարելի է ոգևորվել այս փաստից, բայց այդ ոգևորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի, մեր երկրի տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, ռազմական պոտենցիալը զարգացնելու ուղղությամբ: Մենք կհաղթենք, որովհետև մեր հաղթանակը արդարության հաղթանակն է, ճշմարտության հաղթանակն է, մարդկության հաղթանակն է»,- ասաց վարչապետը: