Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC) հաղորդում են, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում նկարահանվել է Հայաստանի հազվագյուտ թռչնատեսակներից գառնանգղի (մորուքավոր անգղ, Gypaetus barbatus) երիտասարդ առանձնյակ: Այս թռչնատեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում, սակավաթիվ և վտանգված տեսակ է: ՀՀ կարմիր գրքի տվյալների համաձայն՝ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգեր:
Գառնանգղի պոպուլյացիան նվազում է նաև ամբողջ աշխարհում։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և 2014 թ․-ից հետո տրվել է Near threatened կարգավիճակ: ՀՀ ԿԳ տվյալներով՝ գառնանգղի թվաքանակի վրա ազդում է թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում, ապօրինի որսը, թակարդներով բռնելը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության և հսկողության տակ։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների, ինչպիսին է նաև գառնանգղը։
Մորուքավոր անգղը բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խոր, ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծովի մակերևույթից 800-2000 մ բարձրություններում: Ձվադրում է հունվարի սկզբից մինչև փետրվարի կեսերը: Տարեկան ձվադրում են մեկ ձու: Սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում` մանր և միջին չափսերի, երբեմն՝ խոշոր եղջերավոր կենդանիների: