Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի բոլոր հարձակումները հետ մղվեցին, հայկական կողմն էլ սահմանագծում առավել քան ամրացրեց դիրքերը: Վարչապետի խոսքով՝ սա մեր ռազմական ուժի, մտքի, ռազմարդյունաբերական համալիրի հաղթանակն էր:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին և, հետևաբար, Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան՝ հօդս ցնդեց:
Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա էր. դեպքերի կիզակետ դարձած դիրքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում են. իսկ Ադրբեջանի՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ մեղադրանքները պարզապես անհեթեթ են:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ:
Վարչապետը հիշեցնում է՝ Երևանը երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էր չխոսել ուժի դիրքերից: Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց՝ դրանք անհիմն են:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Հայաստանի զինված ուժերը, Հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին: Եվ սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից բխող հետևություն: Մեր բանակը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր, և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց իր այս կարգավիճակը:
Հայաստանը հավատարիմ մնաց կրակի դադարեցման 3 պայմանավորվածություններին. Ադրբեջանը դրանք պարբերաբար խախտում էր:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը: Այս սպառնալիքն, ի դեպ, պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը:
Մեծ էր հրադադարի վերականգնման գործում եռանախագահների ու նրանց երկրների դերը. հատկապես արդյունավետ էր Ռուսաստանի ներգրավումը: Վարչապետի խոսքով` միակ երկիրը, որ վիճակը հանդարտեցնելու փոխարեն փորձում էր առավել մեծ բռնություններ հրահրել՝ Թուրքիան էր:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունն իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր:
2016-ի ապրիլից հետո 2-րդ անգամ Ադրբեջանն ուժ կիրառեց այն դեպքում, երբ կար խաղաղ գործընթաց, նաև սադրիչ գործողություններից զերծ մնալու Մինսկի խմբի կոչը: Եվ վերջապես, Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ աշխարհը պայքարում է համավարակի դեմ: Հուլիսյան մարտերից հետո Հայաստանն ամրապնդեց դիրքորոշումը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսակետից խիստ կարևորում եմ Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանն առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակության հաղորդելը: Երկրորդ. Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:
Բաքուն պետք է հրապարակային հրաժարվի ուժի կիրառումից և հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու քայլեր կատարի: Հաջորդ կարևոր կետը՝ բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր առավելապաշտական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ -Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կոորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ:
Վարչապետն անհրաժեշտ է համարում ներդնել արդյունավետ և միջազգային մշտական մոնիթորինգ՝ արձանագրելու, երբ և որ կողմն է խախտել հրադադարը: Հայաստանը կշարունակի աշխատել միջնորդների հետ՝ խնդրի խաղաղ կարգավորման նպատակով:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, դրան հետևած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության ու համախմբվածության նոր մակարդակի են հասել: Մեզ կարելի է ոգևորվել այս փաստից, բայց և այդ ոգեւորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի, մեր երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական ու դիվանագիտական պոտենցիալը զարգացնելու ուղղությամբ: Եվ մենք կհաղթենք, որովհետև մեր հաղթանակն արդարության հաղթանակն է, ճշմարտության հաղթանակն է, մարդկության հաղթնական է:
Ադրբեջանի ներքաղաքական անկայուն վիճակը Բաքվին ստիպում է դիմել նոր սադրանքների՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի ու Արցախի դեմ ուղղելու համար: Սա, ըստ վարչապետ Փաշինյանի, վկայում է, որ ուժեղ էր նաև Ադրբեջանին հասցված բարոյահոգեբանական հարվածը: