Հայաստանում Միջազգային հանրապետական ինստիտուտի լիազորած Բրեյվիս հետազոտական կենտրոնը հունիսի 18-ից 25-ը 18-ից բարձր ավելի քան 1500 քաղաքացու շրջանում հարցում է անցկացրել: Թեման՝ կորոնավիրուսն է, հակահամաճարակային ծրագրերն ու վարակի դեմ պայքարը: Քաղաքացիների 64 տոկոսը խիստ մտահոգված է, որ կարող է վարակվել կորոնավիրուսով: 38 տոկոսն անձնապես ճանաչում է վարակվածներին, 71 տոկոսն էլ խիստ մտահոգված է, որ Քովիդը կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա: Հարցերից մեկը վերաբերում էր կառավարության մշակած հակահամաճարակային ծրագրերին. 48 տոկոսը շատ գոհ է կառավարության ծրագրերից, իսկ ԱԺ-ի արձագանքներից գոհ է 32 տոկոսը:
Հարցվածների 72 տոկոսը կարծում է, որ վարչապետ Փաշինյանի քայլերը համարժեք ու բարենպաստ են համավարակի դեմ պայքարում: Իսկ պարետ Տիգրան Ավինյանինը՝ 37 տոկոսը: Կորոնավիրուսային իրավիճակում պետական մարմիններից, ըստ հարցումներին մասնակցածների, ամենաշատը՝ 65 տոկոսով բարելավվել է ոստիկանության աշխատանքը, 64 տոկոսով՝ առողջապահության նախարարության, 58 տոկոսով՝ վարչապետի աշխատակազմի գործունեությունը:
45 տոկոսը բավարարված է կառավարության մշակած սոցիալական ծրարգրերից, ամբողջությամբ բավարարված չէ 13 տոկոսը: Իսկ եթե հնարավորություն ունենային խորհուրդ տալ կառավարությանը, ապա 14 տոկոսը կառաջարկեր առողջապահական համակարգին վերաբերող ծրագրեր մշակել, 5-ական տոկոս՝ հանրային կրթական ու գյուղատնտեսական աջակցման ծրագրեր, 4 տոկոսը՝ կարիքավորների սոցիալական աջակցության ծրագրերին է կողմ:
Հարցվածների 97 տոկոսը նշել է, որ դիմակ կրելով են պայքարում վարակի դեմ, 90 տոկոսը խուսափել է հավաքներից, 84 տոկոսը՝ հաճախ ձեռքերն է լվացել:
Ըստ հարցման մասնակիցների 74 տոկոսի՝ հանրությանը կորոնավիրուսից պաշտպանել պարտավոր են կառավարությունը և հանրությունը հավասարապես, 23 տոկոսը կարծում է՝ հանրությունն ինքն իրեն պետք է պաշտպանի, իսկ 3 տոկոսը՝ որ դա միայն կառավարության պարտականությունն է: Քաղաքացիների 18 տոկոսը նախընտրում է կորոնավիրուսի մասին տեղեկանալ Հանրային հեռուստաընկերությունից, որպես տեղակատվության աղբյուր էլ վստահում են նախ Պարետատանը, ապա առողջապահության համակարգի մասնագետներին, հետո՝ ընկեր- բարեկամներին, իսկ 35 տոկոսը՝ ԱՀԿ-ին: