Տասն օրում հայրենիք մշտական բնակության է վերադարձել 30 ընտանիք: Պետությունը տուն դարձող ընտանիքներին ձեռք է մեկնել: Նրանց գույքը ներմուծելու համար արտոնություններ տրամադրել՝ մաքսատուրք, հարկ չեն վճարի: Պարտադիր պայման է, որ գույքը օգտագործված լինի:
Լոս Անջելես՝ տղայի մոտ 20 տարի առաջ մեկնած ծնողները հավաքել են տան ամբողջ գույքն ու մի քանի օր առաջ վերադարձել հայրենիք՝ մշտական բնակության: 20 տարում 4 անգամ եկել-գնացել են: Օդանավի այս տոմսը գնել են առանց հետադարձի:
Մաքսային ծառայությունում նրանց դիմավորում են տեսախցիկները: Սահակյանները 10 օրում հայրենադարձ 30 ընտանիքներից մեկն են, որ օգտվել են անձնական օգտագործման ապրանքն առանց մաքսավճարի ներմուծելու հնարավորությունից: 30 ընտանիքին տրված արտոնության չափը մոտ 250 հազար դոլար է,- ասում է հայրենադարձությունը խթանող նախագծի հեղինակը:
Հայրենիք մշտական բնակության վերադարձած քաղաքացին մաքսային ծառայություն նախ ներկայացնում է ուղևորային, մաքսային հայտարարագիրը: Դրանից հետո է, որ մաքսատան պահեստից կարող է ստանալ բեռը:
ՊԵԿ-ը հրապարակել է գործընթացի մասին բացատրական տեսաուղեցույց: Հիշեցնում են՝ ապրանքների ցանկը, որից մաքստուրք, հարկ չեն գանձի: Պարտադիր է՝ բերվող կահույքը, հեռուստացույցն օգտագործված լինեն: Յուրաքանչյուր հայրենադարձ կարող է իր հետ բերել նաև անձնական օգտագործման մեքենան:
Կորոնավիրուսը կրճատել է թռիչքները: Սահմանները բացվելուն պես ակնկալվում է՝ ամսական 50-ից 100 ընտանիք կվերադառնա հայրենիք: Նաև ընթացակարգն է պարզեցվել: Քաղաքացու փոխարեն գործի մեծ մասն անում է մաքսային ծառայությունը: