Պողոսյան Ցոլակի ելակի այգին ոչ միայն ամենամեծն է Ոսկեվազում, այլև առանձնանում է բերքի որակով: Այն ավելի դիմացկուն է: Սածիլը ներմուծվել է Իտալիայից: Բերքի հիմնական մասն ստացել են դեռ գարնանը, այժմ պատրաստվում են երկրորդ բերքահավաքին: Վերջին տարիներին իրացման խնդրի չեն բախվել: Չնայած նախապատրաստվել էին համավարակի բացասական ազդեցությանը, բայց այս տարին էլ բացառություն չեղավ:
Ցոլակ Պողոսյան - Ես անձամբ մտածում էի, որ կարող է իրացման մեծ խնդիր ունենանք: Ու գնի համար էլ կարող էր խնդիր լինել: Բայց դրան հակառակ, մի բան էլ թանկ վաճառվեց:
Ոսկեվազը հայտնի է իր ելակով, չնայած այստեղ նաև ծիրանի և խնձորի այգիներ կան: Համայնքում ձևավորվել է ևս մեկ խոստումնալից ուղղություն՝ ջերմոցային տնտեսությունները՝ լոլիկի և վարունգի բերքով: Գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը վստահեցնում է՝ սպառման խնդիր ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի չեն ունեցել: Նվազել են միայն իրացման գները:
Հայկ Հովհաննիսյան, Ոսկեվազ համայնքի ղեկավար - Գնային տարբերություն եղել է: Սպառում եղել է, ուղղակի ցածր գներով: Չի եղել, որ վարունգը կամ լոլիկը չսպառվեն: Բայց ցածր գներով:
Կորոնավիրուսի տարածմանը հետևեց արտակարգ դրության հայտարարումը, իսկ դրան՝ Հայաստանի սահմանների փակումը: Սակայն արգելքը չտարածվեց բեռնատարների վրա: Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են: Սակայն տարբերությունն զգալի չէ, և պայմանավորված է ստացած բերքի ծավալով,- նշում են էկոնոմիկայի նախարարությունից:
Աննա Օհանյան, էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ - Արտահանման ծավալի նվազումն ունի որոշակի առանձնահատկություն: Լոգիստիկ առումով` համավարակն էական ազդեցություն չի ունեցել, մեր արտահանողները չեն ներկայացրել այնպիսի խոչընդոտներ, որոնք պայմանավորված կլինեին վարակով:
Հիմնական նվազումը գրանցվել է ծիրանի պարագայում: Այս տարի եղանակային պայմաններն այդքան էլ բարենպաստ չէին: Փոխարենն ավելացել է լոլիկի արտահանումը 5 հազար տոննայով: Ընդհանուր առմամբ՝ գերատեսչությունում հայտարարում են՝ չնայած համավարակին՝ գյուղացու բերքը դաշտում չի մնացել:
Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալը 2020 թվականին 66 հազար տոննա է: