Ըստ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի այսօր հրապարակած հետազոտության՝ քանի որ կորոնավիրուսային համավարակի պատճառով փակվել են մանկապարտեզներն ու նախակրթարանները, աշխարհում առնվազն 40 միլիոն երեխա նախադպրոցական տարում բաց է թողնում վաղ մանկական ուսումնառությունը։
Ուսումնասիրության միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունների «Ինոչենտի» կենտրոնն անդրադարձել է աշխարհում երեխաների խնամքի և վաղ մանկական ուսումնառության վիճակին և վերլուծել, թե ինչպես է կորոնավիրուսի պատճառով այս կարևորագույն ծառայության խափանումն ազդել ընտանիքների վրա։
«Կորոնավիրուսային համավարակի պատճառով կրթական ծառայությունների ընդհատումները հնարավորություն չեն տալիս երեխաներին իրենց կրթության համար լավագույն սկիզբ ապահովել,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ - Երեխաների խնամքն ու վաղ մանկական ուսումնառությունը այնպիսի ամուր հիմնաքարեր են, որոնց վրա կառուցվում է երեխաների զարգացման յուրաքանչյուր հետագա փուլ: Համավարակն այդ հիմնաքարի ամրությունը լուրջ վտանգի տակ է դնում»։
Երեխաների խնամքը գլոբալ ճգնաժամի օրերին. համավարակի ազդեցությունը աշխատանքային և ընտանեկան կյանքի վրա հետազոտությունը փաստում է, որ արգելափակումների պատճառով բազմաթիվ ծնողներ կանգնել են երեխաների խնամքն ու աշխատանքը համատեղելու խնդրի առջև։ Ընդ որում, կանայք այս հարցում անհամաչափ են ծանրաբեռնված, քանի որ միջինը երեք անգամ ավելի ժամանակ են տրամադրում երեխաների խնամքին և տնային հոգսերին, քան տղամարդիկ։
Մինչև համավարակը երեխաների խնամքի և վաղ մանկական ուսումնառության կենտրոնների ոչ մատչելի, անորակ լինելու կամ հեռու գտնվելու պատճառով շատ ծնողներ ստիպված են եղել իրենց մանկահասակ երեխաներին թողնել անվտանգության և զարգացման առումով կասկածելի միջավայրում, իսկ մոտ 35 միլիոն երեխաների դեպքում՝ առանց մեծահասակների հսկողության (գլոբալ կտրվածքով)։
166 երկրներից կեսից էլ պակասն են տրամադրել անվճար նախակրթական ծրագրեր առնվազն մեկ տարի։ Ցածր եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշն ընկել է՝ կազմելով 15 տոկոս։
Տանը մնացած բազմաթիվ մանկահասակ երեխաներ չեն ստանում առողջ զարգացման համար անհրաժեշտ խաղի և վաղ ուսումնառության հնարավորություն և աջակցություն։ Հաշվետու ցածր և միջին եկամուտ ունեցող 54 երկրում 3-5 տարեկան երեխաների շուրջ 40 տոկոսը իրենց տանը բնակվող որևէ մեծահասակի կողմից չի ստացել սոցիալական, հուզական և ճանաչողական ակտիվության խթանում։
Ըստ զեկույցի՝ մանկապարտեզների և նախակրթարանների պակասի պատճառով շատ ծնողներ, մասնավորապես, ոչ ֆորմալ զբաղվածություն ունեցող կանայք, ստիպված են լինում մանկահասակ երեխաներին իրենց հետ աշխատանքի տանել։ Աֆրիկայում 10 կանանցից գրեթե 9-ը, իսկ Ասիայում և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում՝ յուրաքանչյուր 10 կնոջից գրեթե 7-ը ոչ ֆորմալ զբաղվածություն ունեն և սոցիալական պաշտպանության ծառայություններից օգտվելու սահմանափակ հնարավորություն։ Շատ ծնողներ ներգրավված են ոչ վստահելի և վատ վարձատրվող աշխատանքում, ինչը նպաստում է աղքատության միջսերնդային շրջանի շարունակականությանը։