Արտակարգ դրություն հաստատվելուց ի վեր սկսված դիտարկումների դիմանիկան ցույց է տալիս, որ պատկերն այժմ անհամեմատ ավելի բարելավվել է: Եթե ավելի վաղ շրջանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները մեկ կազմակերպությունում արձանագրում էին մի քանի կոպիտ խախտում, ապա ներկայումս տնտեսավարողների մոտ հանդիպում է միայն մեկը, որն ավելի շատ թերացում է, ոչ թե խախտում:
Տնտեսավարողների մոտ արդեն ձևավորվել է ՀՀ պարետի որոշումներին հետևելու սովորություն, ինչի ապացույցն այսօր Գյումրի և Արթիկ քաղաքներում սննդի ոլորտը վերահսկող մարմնի կողմից անցկացված ուժեղացված ստուգումն ու կրկնայցերն էին: Շիրակի մարզի այդ երկու քաղաքների խանութներում, սննդամթերքի արտադրություններում և հանրային սննդի կետերում տեսչական մարմնի մանրակրկիտ դիտարկումները խախտումներ չեն հայտնաբերել:
Կորոնավարակի դեմ պայքարով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար այսօր կասեցվել է մոտ երկու տասնյակ կազմակերպությունների աշխատանքը: Դրանցից մեկի՝ «Օլ այզ օն մի» հուկա-սրճարանի գործունությունը դադարեցվել է 72 ժամով. այստեղ չեն պահպանել նարգիլե օգտագործելու վերաբերյալ սահմանված արգելքը:
Չթուլացնել զգոնությունը, խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերը՝ սա է համավարակի շուտափույթ հաղթահարման գրավականը, որին էլ հետամուտ է ՍԱՏՄ-ն՝ իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում: