Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վերազինվել է 2019թ. Երևանի բյուջեով:
«Տեղյակ եք, որ Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնն սկսեց վերազինվել 2019թ. Երևանի բյուջեով: Այդ նպատակի համար 157 մլն դրամ հատկացվեց: Տեղադրված լուսաձայնային նոր տեխնիկան Հայաստանում առաջինն է իր տեսակով:
Հնչյունային մասնագետները կաշխատեն նոր թվային համակարգով, իսկ շուրջ 300 հոգու համար նախատեսված դահլիճը հանդիսատեսին կներկայանա ավելի հարմարավետ պայմաններով՝ օդափոխության նոր համակարգով, նոր բազկաթոռներով և այլն: Ի դեպ, վերջին անգամ թատրոնը նորոգվել էր շուրջ 20 տարի առաջ:
Հիմա ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ հաջորդիվ նախատեսում ենք հիմնանորոգել և տեխնիկապես վերազինել համայնքային ենթակայության մյուս երկու՝ Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոննները: Այժմ պատրաստվում են աշխատանքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը: Ծրագիրը կներառվի 2021-ի համայնքային բյուջեում»,- գրել է նա: