Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը տեսազանգի միջոցով քննարկում են ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:
Քննարկման հիմնական թեմաներն էին զբոսաշրջության ոլորտին հասցված վնասը, ոլորտում առկա խնդիրները և աջակցության հնարավոր մեխանիզմների վերհանումը՝ ամփոփելով նաև նախորդ հանդիպումների արդյունքները:
Նախարարը տնտեսավարողներին է ներկայացրել Կառավարությունում հարցի շուրջ քննարկումների ընթացքը, ներկայումս սեղանին գտնվող աջակցության գործիքների մի քանի սցենար՝ համապատասխան չափանիշներով և մեխանիզմներով: Նախարարն առաջարկել է քննարկել, թե ներկայացվածներից որոնք են ավելի նպատակահարմար և թիրախային զբոսաշրջության ոլորտին հասցված վնասները մեղմելու տեսանկյունից:
Քննարկմանը մասնակցել են զբոսաշրջության որոշ ենթաոլորտների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ կացության ապահովում, զբոսաշրջային ընկերություններ և զբոսաշրջային ուղևորափոխադրումներ ենթաոլորտներից:
Ոլորտի ներկայացուցիչները իրենց դիտարկումներն են ներկայացրել հնչած առաջարկների վերաբերյալ, ինչպես նաև ճշտող հարցեր ուղղել նախարարին այդ առաջարկների շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշ ենթաոլորտների խնդիրներն առանձին ձևաչափով քննարկելու վերաբերյալ:
Նշենք, որ նախօրեին Էկոնոմիկայի նախարարը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այդ ոլորտում ծառացած խնդիրները և համատեղ ջանքերով գտնելու հնարավոր լուծումներ: