Այս տարի Բյուրեղավանում սուբվենցիոն 4 ծրագրեր են իրականացվելու: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետարանը:
«Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի և բակի հիմնանորոգում` շուրջ 50 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով, որի 30 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է:
Բյուրեղավանի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում` ավելի քան 59 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքովով, որի 45 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է:
Նուռնուս բնակավայրում համայնքային կենտրոնի կառուցում` 8 մլն. դրամ նախագծանախահաշվային արժեքով, որի 30 %-ը պետական բյուջեից:
Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցում. ծրագրի շրջանակում անց է կացվելու շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու նոր ջրագիծ և արդիականացվելու է ներքին ցանցն ամբողջովին` շուրջ 83.5 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 55 %-ը պետական բյուջեից:
Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում այս պահին բուռն շինարարություն է իրականացվում: Ինչ վերաբերում է ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը, այս տարվա սուբվենցիայով համայնքում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն:
Մասնավորապես, Բյուրեղավանում կապիտալ կասֆալտապատվեն և կնորոգվեն ներհամայնքային փողոցներ, բակային հատվածներ, մայթեր, այդ թվում՝ գերեզմանոց տանող ճանապարհը: Նուռնուսում՝ մի շարք փողոցներ և նրբանցքներ, ինչպես նաև գերեզմանոց տանող ճանապարհը:
Շին.աշխատանքների իրականացման համար մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթն արդեն կայացվել է. շուտով աշխատանքները կմեկնարկեն: Կառավարության այս տարվա սուբվենցիոն մեկ այլ ծրագրով` Նուռնուսում կմեկնարկեն համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները:
Համայնք կատարած մարզպետի աշխատանքային այցերի ընթացքում բազմիցս քննարկվել է Նուռնուսում համայնքային կենտրոն ունենալու անհրաժեշտությունը՝ որպես փոքր բնակավայրերի զարգացմանն ուղղված կարևորագույն բաղադրիչ:
Համայնքի ղեկավարի հետ դիտարկվել է Նուռնուսի կենտրոնում տարիներ շարունակ չգործող շինությունը համայնքային կենտրոն վերակառուցելու հնարավորություններն ու տարբերակները և ուրախությամբ ենք արձանագրում, որ կառավարության կողմից արդեն հավանության է արժանացել ծրագիրը. այս փուլում համայնքային կենտրոնի կառուցման համար ձեռք կբերվեն շենքը, տարածքը և նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Համայնքային կենտրոնը կունենա վարչական ղեկավարի նստավայր, մոբիլ մանկապարտեզի բազայի վրա հիմնված մանկական սենյակ, տարեցների համար ժամանցի սենյակ և գրադարան:
Եվ վերջում, անդրադառնանք Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցմանը՝ ընդգծելով, որ ցանցը 40-ական թվականների է՝ բավականին հնամաշ և արդիականացման խիստ կարիք ունի: Ծրագրի շրջանակներում անց է կացվելու շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու նոր ջրագիծ և արդիականացվելու է ներքին ցանցն ամբողջովին:
Այս փուլում նախատեսված է Նուռնուսի պոմպակայանից մինչև Ջրաբերի ՕԿՋ բարձր ճնշման կայանի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցում: Ահա այսպես՝ քայլ առ քայլ, մեր բոլոր համայնքներում կյանքի են կոչվելու սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր»,- գրված է հայտարարությունում։