Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանն իր ընտանեկան հավաքածուից Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրեց հայկական կերպարվեստի խոշոր ներկայացուցիչ Գևորգ Բաշինջաղյանի վրձնին պատկանող՝ 1910 թվականի «Աշուն» կտավը։ Այն նվիրատուն ժառանգել է իր պապից՝ հայտնի գիտնական, ակադեմիկոս Բորիս Ավագյանից։
«Կարծում եմ, մեր հայ մեծերի նկարները, որոնք մենք ստացել ենք մեր նախնիներից և ունենք մեր տանը, պետք է փոխանցենք պատկերասրահին: Դրանք այն գանձերն են մեր ազգի, որոնցով պետք է հպարտանան, և որոնց աշխատանքները պետք է դիտեն մեր հաջորդ սերունդները: Կարծում եմ՝ սա ամենաճիշտ վայրն է, որտեղ դրանք պետք է գտնվեն»,- նշեց Բորիս Ավագյանը՝ հորդորելով բոլոր նրանց, ովքեր արժեքավոր հավաքածու ունեն տանը, հետևել իր օրինակին և նվիրել այն Ազգային պատկերասրահին:
Նվիրատվության գործոնը առհասարակ թանգարանի համալրման համար շատ կարևոր նշանակություն ունի հենց հիմնադրման թվականից՝ նշեց Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը՝ հիշեցնելով, որ մեծ մասամբ հենց նվիրատվությունների հաշվին է հավաքվել խոշոր հավաքածուն, հատկապես հայկական գեղանկարչության հավաքածուն:
«Ցավոք, վերջին տարիներին նվիրատվության ավանդույթը սակավացել է: Գևորգ Բաշինջաղյանը մեր խոշորագույն նկարիչներից է եղել, հայկական բնանկարի հիմնադիրն է, այս նկարն էլ մեզ համար ոչ միայն արժեքավոր ու կարևոր է, այլև մեծ խորհուրդ ունի: Հուսով եմ, որ այսօրվա միջոցառումը նաև բարի ավանդույթ կդառանա մեր կոլեկցիոներների համար»,- նշեց Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը՝ պատկերասրահի կողմից շնորհակալագիր հանձնելով Ավագյանների ընտանիքին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ հավելեց՝ օրը խորհրդանշական է:
«Կուզեմ, որ այս նվիրատվությունից կարճ ժամանակ անց մենք հնարավորություն ունենանք բացել պատկերասրահի դռները և առաջինը ցուցադրենք այս նկարը, որը որպես նորություն շատ քաղաքացիների կներգրավի: Ոմանք կարող են մտածել, որ նման արվեստի գործեր տանը ունենալով կարող են զարմացնել իրենց հյուրերին, ընտանիքներին, կարող են ամեն օր հաճույք ստանալ այս գործից, բայց կրկնակի մեծ առաքելություն է, երբ մարդիկ կիսվում են այս գործերով, որ շատերը կարողանան տեսնել, հիանալ, սովորել և ներշնչանք ապրել»,- նշեց ԿԳՄՍ նախարարն ու շնորհակալություն հայտնեց Բաշինջաղյանի կտավը պատկերասրահին նվիրաբերած Ավագյանների ընտանիքին: