Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանային լարված իրավիճակում Հայաստանի ու հայ ժողովրդի համախմբվածությանը:
Վարչապետը նշեց, որ միջազգային համայնքի առջև մենք դրսևորեցինք պատասխանատու և վստահ պահվածք ու հավատարիմ մնացինք կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից, անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը:
«Այս սպառնալիքը, ի դեպ, պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, քանի որ ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը: Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտելու և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով:
Հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համանախագահող երկրները: Այս տեսանկյունից հատկապես արդյունավետ էր Ռուսաստանի ներգրավումը, որն արտահայտվեց ինչպես արտգործնախարարության, այնպես էլ զինված ուժերի գլխավոր շտաբի մակարդակով:
Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր: Հաշվի առնելով այդ երկրի ագրեսիվ և ապակայունացնող քաղաքականությունը՝ Թուրքիայի այս գործելաոճն անակնկալ չէր, մեծ հաշվով: Ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիային զսպելու նաև միջազգային հարթակներում»,- նշեց Փաշինյանը: