Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներից միայն երկուսին թույլատրեցին մտնել Գյումրու Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոն։ Հատուկ հանդերձանքով և բժշկական դիմակներով նրանք հաստատության ներսում ծանոթանացան իրավիճակին, զրուցեցին խնամվողների հետ։ Երեխաների խնամքի հաստատությունում կորոնավիրուսի դեպք գրանցվել էր 14 օր առաջ։
Արդեն տևական ժամանակ երեխաների խնամքի կենտրոնում կարանտին է։ Խնամվողները դրսի հետ շփում չունեն, աշխատակիցները ելումուտ անում են երկշաբաթյա գրաֆիկով։ Երեխաների մոտ հիվանդությունն ընթացել է անախտանիշ, խնդիրներ են առաջացել քրոնիկակական հիվանդություններ ունեցող խնամվողների մոտ։ Այսօր նրանց նորից թեստավորել են, պատասխանները բացասական են, բայց գրանցվել է հաստատված նոր դեպք։
Գյումրու Կարմիր խաչի շուրջօրյա կենտրոնում, որտեղ խնամվում են առողջական տարբեր հիվանդություններով և տարեց քաղաքացիներ, կորոնավիրուսային իրավիճակը կայունանում է։ Այժմ խնամքի կենտրոնի 4 շահառու է հոսպիտալացված, ևս 16-ը մեկուսացած է խնամքի կենտրոնում։ ԱԱՏՄ աշխատակիցները ստուգեցին նաև, թե այս հաստատությունում որքանով են պահպանվում հակահամաճարակային կանոնները։
Անահիտ Զատիկյան, ԱԱՏՄ մասնագետ - Ընդհանուր առմամբ այս հաստատությունում 151 շահառուից կորոնավիրուս հաստատվել է 56-ի, 66 աշխատակցից ՝ 12-ի մոտ։ 37 հիվանդ հոսպիտալացվել էր։ Հիվանդ շահառուներից 5-ը մահացել է, նրանք բոլորն ունեցել են տարբեր քրոնիկական հիվանդություններ։
Հակահամաճարակային միջոցառումներ է իրականացրել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժինը։ Իրազեկման աշխատանքներ են կատարել, դիմակ բաժանել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել նաև Արթիկում։ Նշում են՝ դրական փոփոխությունը նկատելի են նաև համայնքներում, ընդհանուր իրավիճակն էլ Շիրակում գոհացնող է։