Թեժ բանավեճ ռուսական Առաջին ալիքի եթերում: «Ժամանակը ցույց կտա» հաղորդման «Ծիրանային պատերազմը» խորագրի ընթացքում հուլիսի 20-ի եթերն առանձնացավ հաղորդավարների ու բանախոսների համառ քննարկումներով: Հաղորդման դիտակետում հայկական ծիրանի՝ Մոսկվա արտահանման ու «Ֆուդ սիթի» խոշոր առևտրի ցանցի ադրբեջանցի սեփականատերերի կողմից հայկական ծիրանով բեռնված մեքենաների մուտքի արգելքն էր:
Հաղորդման սկզբում նախ ասվեց, որ դեռ նախորդ հաղորդմանն անդրադարձել են հայ-ադրբեջանական հակամարտության նոր բռնկմանը: Հաղորդավարի խոսքով՝ կարծես, բոլոր շեշտադրումներով անդրադարձել են, բայց միևնույն է, ինչպես ցանկացած նման քննարկման ժամանակ, լինում են հարցերի վերաբերյալ երկուստեք անհամաձայնություններ:
Հաղորդման ընթացքում նաև տեսանյութ է ներկայացվել: Ռեպորտաժը հիշեցրել է միջադեպի մասին՝ նշելով, որ նախ՝ երկրի դեսպանատունն է միջամտել, ապա՝ Մոսկվայի կառավարությունը: Շուտ փչացող ապրանքը վաճառվել է այլ շուկաներում, իսկ սոցցանցերում ծիրանի ֆլեշմոբ է սկսվել:
«Որտե՞ղ է հայ-ադրբեջանական հակամարտությունը, և որտե՞ղ՝ Մոսկվայի առևտուրը»,- զարմացած հաղորդավար Արտյոմ Շեյնինն ընդգծել է, որ անսպասելի կերպով այդ հակամարտությունը նաև էմոցիոնալ առումով արտացոլվել է Մոսկվայում: Ըստ հաղորդավարի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ ամենը մեկնաբանել է նաև Մոսկվայի առևտրի վրա ունեցած ազդեցությամբ:
Քննարկման ընթացքում բանախոսներից AZRU տեղեկատվական պորտալի գլխավոր խմբագիր Ռոման Ագաևն անհամաձայնություն է հայտնել, թե ինչու է ռուսական Առաջին ալիքը նման ուշադրություն դարձնում հայկական ծիրանին: Հաղորդավարն ընդգծել է, որ անդրադառնում են խնդրին, որովհետև իսկապես կարծում են, որ ծիրանի առևտուրը ՌԴ-ում չպետք է որևէ կերպ՝ ո՛չ էմոցիոնալ, ո՛չ սոցիալական, ո՛չ տնտեսական ու քաղաքական առումով, դառնա դաշտ, որի շուրջ պետք է հնչեն կոնֆլիկտների արձագանքներ:
Հարց է բարձրացվել, թե արդյոք ծիրանի արգելքը նրանց գործողությունների շարունակությո՞ւնն էր, թե՞ հուզական պոռթկում: «Սա խոշոր առևտրի կենտրոնի ադրբեջանցի սեփականատիրոջ կողմից իրենց ազգային պատկանելության դիրքորոշումն էր»,- հայտարարել է Ագաևը:
«Սա զուտ սադրանք է, և այն մարդիկ, որոնք իրականացրել են այդ սադրանքը, ոտնահարել են Ռուսաստանի Դաշնության օրենքները»,- ասել է բանախոսներից «Ռեալիստ» գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը: Նա նաև շեշտել է, որ այդպես նրանք ոտնահարել են նաև ԵԱՏՄ-ի դրույթները: Ծատուրյանի խոսքով՝ կատարվածը քրեական հանցագործություն է: Նրա խոսքով՝ այդ միջադեպը նաև Ռուսաստանի միջազգային հեղինակության վրա է ազդում: