Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆինանսական հատկացում կտրամադրի հայ-ադրբեջանական սահմանին ծանր վիրավորումից այսօր մահացած զինծառայող Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին:
«Ինչպես տեղեկացրեց պաշտպանության նախարարությունը, հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001 թ., Երևանի թիվ 1 ԶԿ):
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում: Հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով»,- տեղեկացնում է հիմնադրամը: