Կառավարության նիստն այսօր մեկնարկեց սահմանային իրավիճակի քննարկմամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց հուլիսի 12-ին Ադրբեջանի հարձակումը Տավուշի սահմանապահ դիրքերից մեկի ուղղությամբ: Հայկական զինուժը ոչ միայն հետ մղեց հակառակորդի հարձակումները, այլև պատճառեց էական վնասներ:
«Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ՝ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակ է: Շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը: Սահմանին տեղի ունեցած իրադարձություններին զուգահեռ Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչն այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար»,- նշեց վարչապետը:
Կառավարության ղեկավարը մի քանի արձանագրում արեց.
-
«Նախ՝ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, և այն դիրքերը, որոնք վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ են դարձել, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները պարզապես անհեթեթ են:
-
Ադրբեջանը հարձակվեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ:
-
Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին, և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում:
-
Ադրբեջանական միֆը, թե իր բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և, հետևաբար, Հայաստանն ու Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին:
-
Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից և հիմա կարող ենք ասել, որ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը: Երբ ասում եմ՝ ուժերի իրական հարաբերակցություն, նկատի չունեմ միայն սպառազինությունների և զինված ուժերի քանակը, այլ նախևառաջ նրանց գործողությունների որակը, կառավարման մակարդակը: Հիմա կարող ենք վստահ ասել, որ հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեց բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ ու ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեց: Սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից հետո բխող հետևություն: Մեր բանակը, ինչպես եղել, այդպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց իր կարգավիճակը:
-
Կարևոր եմ համարում նաև այն, որ Հայաստանի հասարակությունը ցույց տվեց միահամուռ վստահություն ու աջակցություն իր լեգիտիմ Կառավարությանն ու զինված ուժերին:
-
Կուզենայի առանձնահատուկ ընդգծել Սփյուռքի մեր հայրենակիցների միասնությունը, Հայաստանին օգնելու իրենց նվիրումը, խոհեմությունն ու սթափությունը: Սփյուռքի մեր հայրենակիցներն այս օրերին ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեկ ընտանիք, մեկ ոգի և մեկ ինքնություն»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ միջազգային համայնքի առջև մենք դրսևորեցինք պատասխանատու և վստահ պահվածք ու հավատարիմ մնացինք կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից՝ ամեն անգամ նրանց զինված ուժերին պատճառելով նորանոր կորուստներ, անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը:
«Այս սպառնալիքը, ի դեպ, պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, քանի որ ի ցույց է դնում Ադրբեջանի ահաբեկչական պետություն լինելու էությունը: Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտելու ու բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով: Հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու նրանց երկրները: Այս տեսանկյունից հատկապես արդյունավետ էր Ռուսաստանի Դաշնության ներգրավումը, որը արտահայտվեց ինչպես ԱԳՆ, այնպես էլ ԶՈՒ գլխավոր շտաբի մակարդակով: Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր: Հաշվի առնելով այդ երկրի ագրեսիվ և ապակայունացնող քաղաքականությունը՝ Թուրքիայի այս գործելակերպը անակնկալ չէր մեծ հաշվով: Բայց ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ միջազգային ֆորմատներում Թուրքիային զսպելու մեր ծավալների իմաստով»,- նշեց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ամփոփելով՝ նշեց, որ, անկասկած, այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած և վստահ մեր ուժերի, ժողովրդի և հասարակության տոկունությանը, բայց անհրաժեշտ է կատարել որոշակի հետևություններ.
«Չենք կարող անտեսել փաստը, որ 2016-ի ապրիլից հետո Ադրբեջանը երկրորդ անգամ ուժ կիրառեց, այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, երբ առկա էր Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից: Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել էր մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի դեմ պայքարի վրա: Բայց և այնպես, մենք մեր դիրքորոշումը ամրապնդել ենք, և դրանք արտահայտվում են հետևյալում.
-
Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսանկյունից խիստ կարևորում եմ Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունն ու սպառնալիքներին համապատասխան՝ նոր բովանդակություն հաղորդելը:
-
Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:
-
Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:
-
Բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի մոտեցումը, թե բանակցությունները պատերազմի շարունակությունն են, և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկում է ողջ գործընթացը: Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումներից և պատրաստ է փոխզիջման: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում:
-
Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Ադրբեջանին զենք մատակարարող պետությունները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է: Քանի որ տպավորություն է, որ Հայաստանի ԶՈՒ և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ օտարերկրյա, գերճշգրիտ, մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաներ՝ իրենց մասնագետներով հանդերձ: Երրորդ տասնամյակը ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին և Արցախում ապրող մարդկանց ու խախտում է նրանց քաղաքական, տնտեսական, բնապահպանական, տեղաշարժի և այլ իրավունքներ: Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս:
-
Հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է: Անհրաժեշտ է ներդնել այնպիսի մոնիթորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ ու որ կողմն է խախտել հրադադարը: Նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում՝ թե պետական սահմանին, թե շփման գծում:
-
Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Վճռականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանն ապակայունացնելու Թուրքիայի փորձերը:
Հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018-ի թավշյա հեղափոխության, դրան հետևած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում՝ մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության և համախմբվածության նոր մակարդակի են հասել: Մեզ կարելի է ոգևորվել այս փաստից, բայց այդ ոգևորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի, մեր երկրի տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, ռազմական պոտենցիալը զարգացնելու ուղղությամբ: Եվ մենք կհաղթենք, որովհետև մեր հաղթանակը արդարության հաղթանակն է, ճշմարտության հաղթանակն է, մարդկության հաղթանակն է»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: