Միջազգային հանրության ուշադրությունը Ադբրեջանի հարձակողական քայլերի և խաղաղ բնակչությանը թիրախավորելու վրա հրավիրելու ուղղությամբ արդեն մի քանի շաբաթ է՝ ինչ պաշտոնական Բրյուսելում Հայ դատի գրասենյակը ակտիվ աշխատանքներ ու բանակցություններ է տանում։ Իսկ այսօր Բելգիայի հայկական կոմիտեի կոչով տեղի հայ համայնքը հավաքվել և ցույց է անցկացնում Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջև, հիմնական պահանջը մեկն է՝ խաղաղություն։
Եկել ենք ոչ թե խաղաղություն խնդրելու կամ մուրալու, այլ պահանջելու…
Հարյուրավոր հայեր՝ Բելգիայից, Գերմանիայից, Հոլանդիայից եկել էին միանալու ցույցին, որն ադրբեջանցիների սադրիչ քայլերի արդյունքում վերածվեց քաշքշուքի։ Ոստիկանության միջամտություն, ընդհուպ՝ մինչև ջրցան մեքենայի կիրառում։ Մեր հայրենակիցներից մեկը գլխի լուրջ վնասվածք ստացավ, մինչդեռ ադրբեջանցիներն իրենց դեսպանատան ճաղերից այն կողմ շարունակում էին հավկիթ նետել, անգամ Հայր սուրբի վրա, որի հորդորը մարդասիրությունն էր։
Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյան (Բելգիայի հայոց հոգևոր հովիվ) - Մենք՝ որպես Աստծո զավակներ, քրիստոնյա կամ մահմեդական, պետք է սեր տարածենք այնտեղ, որտեղ կա ատելություն: Մեր պարտքն է ստեղծել միություն, որտեղ կան երկխոսություններ և անհասկացողություններ: Եկեք միասին փոխենք այս աշխարհը: Եկեք մեր մայրերի և հայրերի տխրությունն ու վիշտը վերածենք ուրախության:
Բելգիայում Հայաստանի դեսպանության և Հայ դատի գրասենյակի կատարած դժվարին աշխատանքի շնորհիվ Եվրոպան ևս արձագանքում է։ Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասսիմո Քասթալդոն իր թվիթերյան էջում գրել է.
«Հայկական սահմանին զինադադարի խախտումները լուրջ մտահոգությունների առիթ են տալիս ու ևս մեկ անգամ ընդգծում, թե որքան կարևոր է ԵԱՀԿ մշտադիտարկման մեխանիզմի կիրառումը։ Ես միանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ դադարեցնել սադրիչ գործողությունները»:
Ինքնորոշման իրավունքին ուշադրություն հրավիրող, մշտադիտարկման մեխանիզմի տեղադրման և կիրառման կոչ անող եվրոպացի քաղաքական գործիչները շատ են` ԵԺԿ խմբակցության փոխնախագահ Անդրեյ Կովաչև, Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Քոսթաս Մավրիդես, բելգիացի սենատոր Կառլ Վանլուվ և այլք։ Ադրբեջանին կոչ է արվում դադարեցնել Հայաստանին ուղղված ռազմական սադրանքները և ընդունել ԵԱՀԿ Մինսկի առաջարկած վստահության ամրապնդման միջոցառումները։ Ի դեպ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալուրանդը ևս, ի տարբերություն արցախյան հակամարտության վերաբերյալ իր նախորդ հայտարարությունների, այս անգամ հանդես է եկել ավելի հավասարակշռված դիրքորոշմամբ:
Կառլ Վանլուվ (սենատոր, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր) - Հայ-ադրբեջանական սահմանին տիրող հակամարտությունը դեէսկալացիայի կարիք ունի։ ԵԱՀԿ սկզբունքների հիման վրա խաղաղ լուծումը կարևոր է՝ հարգելով ինքնորոշման իրավունքը։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը կարևոր է համարում եվրոպացի քաղաքական գործիչների՝ թեև երբեմն լակոնիկ, բայց մեծ քաղաքական ուղերձ պարունակող հայտարարությունները:
Հեղինե Էվինյան (ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն) - Նամակներ ենք ուղղել արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և մարդու իրավունքների ենթահանձնաժողովին, Եվրանեսթին:
Էվինյանը նաև նշեց, որ այսօր Բելգիայում Արցախի ֆրանսախոս բարեկամական շրջանակը ևս հանդես կգա հայտարարությամբ։ Ադբրեջանի կողմից մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների կաշառելու՝ «խավիարային դիվանագիտության» և «լվացքատուն» անուններով բացահայտումներից հետո, Եվրոպայում զգուշանում են ի նպաստ Ադրբեջանի հայտարարություններ անելուց։ Իսկ հայության միահամուռ արձագանքն Ադբրեջանի սադրանքներին՝ ավելի լսելի է դարձնում խաղաղության կոչերը։