Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար բանակցություններ են ընթանում երկու ընկերությունների հետ, տեղեկացնում է aliq.ge-ն։
Գամկղրելիձեն նշել է, որ այսօրվա տվյալներով աշխարհում ամենահեռանկարայինը Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի խմբի ստեղծած պատվաստանյութն է:
«Օքսֆորդի պատվաստանյութն անցել է հետազոտության երրորդ շրջանի փուլերից մեկը և այժմ պետք է մի մեծ հետազոտություն ևս անցնի, որի շրջանակներում կհետազոտվի մոտավորապես 10 000-15 000 հոգուց բաղկացած խումբ: Եթե հաստատվի պատվաստանյութի անվտանգությունը, ապա պատվաստանյութը հասանելի կդառնա: Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք աշխատում ենք այս ընկերության հետ և մեկ ամիս առաջ ուղիղ կապի մեջ ենք եղել նրանց հետ»,- հայտարարել է Գամկղրելիձեն:
Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանը բանակցություններ է վարում նաև խոշորագույն միջազգային «Գավի» ընկերության հետ, և պատվաստանյութի հաստատվելուն պես Վրաստանը կլինի այն ստացողների շարքում: