Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան Լուրերի հարցին, անդրադարձավ ՍԴ աշխատանքներին, երբ քվորումի բացակայության պատճառով նիստեր չեն գումարվում: Բադասյանն ասաց՝ Սահմանադրական դատարանի երկու դատավորների արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր քվորում ապահովել:
«Եկեք հաշվի առնենք, թե ինչի արդյունքում է առաջացել այս իրավիճակը, որովհետև Սահմանադրական դատարանի երկու դատավոր գնացել են արձակուրդ: Այսինքն` արձակուրդ չգնալու դեպքում Սահմանադրական դատարանում հնարավոր էր ապահովել փոփոխություն, հետևաբար Սահմանադրության փոփոխության արդյունքում չի առաջացել այս իրավիճակը, այլ երկու դատավորի արձակուրդ մեկնելու հետ կապված է առաջացել»,- նշեց նա:
Ըստ Բադասյանի՝ ՍԴ դատավորի թափուր պաշտոնի առաջադրումները շուտով կլինեն:
«Վստահ եմ, որ առաջադրումները շուտով կկատարվեն: ԱԺ-ն կուղարկի բարեվարքության ստուգման գործընթացը ապահովելու համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով թեկնածուների մասով, և բավական շուտ ժամանակահատվածում, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ ՍԴ-ն կգործի ամբողջ կազմով»,- ասաց Բադասյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ այսօր ԱԺ նախագահը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, Բադասյանն ասաց, որ Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ՝ սահմանադրական մարմինների համար ՍԴ թեկնածուներ առաջադրելու:
«Օրենքի ուժի մեջ մտնելը նշանակում է, որ արդեն նախկին դատավորների կենսաթոշակի իրավունքները, որոնք արդեն չեն պաշտոնավարում, կապահովվի օրենքով սահմանված կարգով: Նաև անհամապատասխանությունը Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում վերացվեց, որը հնարավոր չէ անել միաժամանակ, որովհետև ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն մեկ օրակարգում հնարավոր չէր ներառել թե՛ Սահմանադրության փոփոխությունների, թե՛ սահմանադրական օրենքի փոփոխությունների հարցը»,- ասաց Բադասյանը: