Պետական ծրագրով ասֆալտապատվում են Նորագյուղի կենտրոնական փողոցները: Համայնքն Արցախի չծերացող գյուղերից է, որտեղ նաև ջերմատնային տնտեսությունների պակաս չկա: Ամեն երրորդ ընտանիք սեփական արտադրանքն է բերում տեղական շուկա:
Վլադիմիր Պետրոսյան, Նորագյուղ համայնքի ղեկավար - Լավ բերք են հավաքում, և իրացման համար պարզ է, որ ճանապարհը շատ կարևոր է, կարևոր դեր է կատարում:
Գյուղը մայրուղուն կապող ճանապարհն ասֆալտապատվել էր 2018-ին: Մեկ տարվա ընդմիջումից հետո աշխատանքները շարունակվում են արդեն գյուղամիջում: Ասֆալտբետոնե ծածկից առաջ շինարարները ջրահեռացման համակարգ են կառուցել:
Արայիկ Սաֆարյան, «Վերածնունդ» ՍՊԸ տնօրեն - Կատարել ենք առաջնահերթ ավազակոպճային շերտի իրականացում, հետո կատարել ենք խճապատման աշխատանքներ, այնուhետև կատարել ենք 6 սմ խոշորահատիկ ասֆալտբետոնե խառնուրդից, իսկ հիմա, ինչպես տեսնում եք, կատարվում է 4 սմ մանրահատիկ ասֆալտբետոնի կառուցում:
Նորագյուղ համայնքի ղեկավարն ասում է՝ ոչ բոլոր ճանապարհները կասֆալտապատվեն: Ուզում են Արցախի կառավարության աջակցությամբ մնացածը սալապատել տեղական կրաքարե աղյուսներով: Դպրոցի տնօրենը հիմա հանգիստ է՝ ցեխին ու անձրևին երեխաները կքայլեն բարեկարգ փողոցներով:
Էրիկ Վարդանյան, Նորագյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն - Ձմռանը, անձրևների ժամանակ բավականին դժվար է հատկապես փոքրիկների համար մանկապարտեզ և դպրոց հասնելը: Սա, կարծում եմ, իսկական նվեր է նրանց, և բավականին կփոխվի նաև գյուղի ինֆրակառուցվածքը:
Նորագյուղում վստահ են՝ ժամանակակից ենթակառուցվածքների դեպքում երիտասարդների կմնան գյուղում: Ասում են՝ եթե կա լավ ճանապարհ, դպրոց ու մանկապարտեզ, քաղաքի և գյուղի տարբերությունը միայն բարձրահարկերն են: