Սյունիքի մարզի Ծավ գետի և նրա Մազրա վտակի վրա նախատեսվում է երկու նոր փոքր հէկեր կառուցել։ Ներկայումս Ծավի վրա «Ծավ» ՓՀԷԿ-ն է շահագործում «Լեսոմա» ԲԲԸ-ն։ «Լեսամոն» ցանկություն ունի ևս մեկ փոքր հէկ կառուցել այս գետի վրա։
Գետի երկարությունը 27 կիլոմետր է, սկիզբ է առնում Արաքս գետից։ Ծավն ունի երկու վտակ՝ Մազրան և Շիշկերտը։ Առաջին վտակի վրա ևս նախատեսվում է հէկ կառուցել։ Ծավ ՓՀԷԿ-ը, ըստ «Էկոլուր»-ի, շահագործման է հանձնվել 2010 թվականից, գտնվում է «Շիկահող» արգելոցի հարևանությամբ, դրվածքային հզորությունը 2740 կՎտ է, լիցենզիայի ժամկետը՝ մինչև 2025 թվականը։ «Ծավ» ՓՀԷԿ-ը շահագործում է «Լեսոմա» ԲԲԸ-ն։ Ընկերությունը հիմնվել է 2012-ին, տնօրենը Լավրենտի Միքայելյանն է։ Վերջինս մասնագիտությամբ էներգետիկ է, գործունեություն է ծավալում նաև շինարարության ոլորտում։ Լավրենտի Միքայելյանը եղել է նաև Հանրային խորհրդի անդամ։
«Լեսոմա» ԲԲԸ-ի իրավանախորդը եղել է «Էներգացանցշին» ԲԲԸ-ն, որը եղել է պետական ձեռնարկություն, ապա մասնավորեցվել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ «Էներգացանցշինի» սեփականատերը Լավրենտի Միքայելյանն է։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ նա ներկայումս ընկերության տնօրենն է։ «Էներգացանցշինը» հիմնվել է 1998-ին, կանոնադրական կապիտալը կազմում է 223 միլիոն դրամ։
Ծավ գյուղում «Էներգացանցշինի» կողմից ՓՀԷԿ-ի կառուցումը հարթ չի անցել։ «Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ 2013-ին հարուցվել ու Սյունիքի քննչականում քննվել է քրեական գործ։ Դրանով մեղադրյալ է եղել Ծավ համայնքի նախկին ղեկավար Սեյրան Զաքարյանը, որն ըստ մեղադրանքի՝ «լինելով պաշտոնատար անձ և հաստատապես տեղյակ լինելով, որ «Էներգացանցշին» ԲԲԸ-ն ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը կառուցել է ապօրինի զավթած 2438 քառակուսի մետր մակերեսով համայնքային հողի վրա», դիտավորյալ վարչական պատասխանատվության միջոցներ ընկերության նկատմամբ չի կիրառել»։ Այս ամենից զատ «Էներգացանցշինը» կառուցապատումներ էր իրականացրել նաև այլ անձանց պատկանող հողատարածքներում։ Զաքարյանը ներկայումս Ծավի վարչական ներկայացուցիչն է (Ծավը խոշորացվել է Կապան համայնքի հետ):
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ՓՀԷԿ-ը շահագործողն իրենց է դիմել նոր ՓՀԷԿ կառուցելու համար հողերի կատեգորիան գյուղատնտեսական արտադրական դարձնելու համար, և 3 ամիս առաջ Կապանի ավագանին համաձայնություն է տվել կատեգորիայի փոփոխմանը։ «Շատ նախնական քննարկումներ են։ Հողի կատեգորիան է փոխվել, պիտի միջգերատեսչական հանձնաժողովն էլ քննարկի, հետո նախագիծ արվի, համաձայնեցվի շրջակա միջավայրի նախարարության հետ։ Երկար պրոցես է։ ՇՄԱԳ պիտի լինի, հանրային լսումներ լինեն»,- ասաց Փարսյանը ու ավելացրեց՝ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև Ծավի բնակիչների հետ, հիմնականում դրական կարծիքներ է լսել։ Փարսյանը տեղեկացրեց նաև, որ հողերը համայնքից չեն ձեռք բերվել կամ վարձակալվել, դրանք պատկանել են մասնավորին։
Լավրենտի Միքայելյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց՝ կառուցվելու է 0.8-1 մեգավատտանոց կայան։ «4-5 տարի առաջ մենք բոլոր թույլտվություններն ունեցել ենք, ուղղակի ֆինանսական հարցեր առաջացան, ու չենք կարողացել։ Հիմա մենք որևէ բանի չենք խանգարի»,- ասաց Միքայելյանը։ Նա ասաց, որ հողերը, որոնց կատեգորիան ցանկանում են փոխել, եղել են իրենց սեփականությունը։ «Համայնքի համաձայությունը կա, մեր թղթերում կա մի երկու թերություն, որ պիտի շտկենք։ Մեր նկատմամբ ոչ մի բան չկա»,- նշեց նա։
Ծավ գետի Մազրա վտակի վրա ևս փոքր հէկ է կառուցվելու։ Կառուցապատողը լինելու է «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն, որի սեփականատերը Սենիկ Ջուլհակյանն է։ Մամուլում ժամանակին հրապարակումներ եղան այն մասին, որ Ջուլհակյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորներից է։ Ջուլհակյանն ի պատասխան հայտնել էր, որ նախկին մարզպետը «Հայհիդրոնախագծի» հետ կապ չունի։ ՓՀԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ գործընթացը շարունակվում է։