«Այսպիսի մեծ ամոթ Իսրայելի ռազմական արդյունաբերությունը չի զգացել»,- հայտնի բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Տավուշում խոցված իսրայելական մարտական ԱԹՍ-ներին:
Ալեքսանդր Լապշին - Արդյունքում` քանդվեց իսրայելական զենքի իմիջը: Աշխարհի տասնյակ երկրներ, բնականաբար, ուշադիր հետևում են այս ամենին՝ գնահատելով՝ արդյոք արժե՞ կապվել իսրայելական արտադրողի հետ, որի սարքերն այդքան հեշտությամբ խոցվում են հակառակորդի կողմից:
Ադրբեջանը բռնապետություն է՝ հիմնված նավթադոլարների վրա, և մեկ ընտանիքի կողմից ղեկավարվում է ավելի քան կես դար՝ իսրայելական հայտնի The Jerusalem Post-ում հրապարակված հոդվածից մի հատված է: Հեղինակ Ալեքսեյ Գալիցկին նշում է, որ Իսրայելի հետ Ադրբեջանի արագ զարգացող հարաբերությունները երկար ժամանակ հիմնված էին այն կեղծ գաղափարի վրա, որ Ադրբեջանը «հանդուրժողականության երկիր» է: Պարբերականը նշում է, որ Թուրքիայի մերձավոր դաշնակից Ադրբեջանը, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ակտիվորեն ձգտում է արմատախիլ անել տարածաշրջանի բնիկ հայ բնակչությանը և նրանց հազարամյա քաղաքակրթության հետքերը:
«Ադրբեջանական ԽՍՀ-ն մերժեց արցախահայության և Նախիջևանի հայերի մշակութային, քաղաքական, լեզվական և տնտեսական իրավունքները, և 1980-90-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները սկսեցին մասնակցել հայերի ջարդերին՝ Արցախի անկախության կոչերը խեղդելու համար: Այս ծրագրերն ուղղված էին նաև հրեական համայնքներին, որոնք զանգվածաբար լքեցին Բաքուն՝ ի պատասխան հալածանքների հաճախակի դեպքերի:
Անցած 30 տարվա ընթացքում Ադրբեջանի կառավարությունը բազմիցս օգտագործել է հռետորաբանություն, որը քարոզում է հայերի էթնիկ զտումներ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, պարբերաբար հայերին անվանում է պետության թշնամիներ և ժխտում տարածաշրջանում հազարամյա հայկական քաղաքակրթությունը»,- նշում է հոդվածագիրը:
Եվս մեկ հոդված միջազգային հեղինակավոր մամուլում հրապարակել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը: «Ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտումը կանոնավոր բնույթ է կրում, որի համար ադրբեջանական կողմը խուսափում է պատասխանատվությունից»,- նշել է Բալայանն ու նկատել, որ առավել վտանգավորը Բաքվի վերջին հայտարարությունն է` Մեծամորի ատոմակայանը թիրախավորելու վերաբերյալ:
Ի դեպ, Մեծամորի ԱԷԿ-ին հարված հասցնելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Բաքուն չի կարողանում շրջանցել: Միջազգային շրջանաներում թեմայի բուռն քննարկումների արդյունքում Ադրբեջանը հայտնվել է վատ վիճակում: Այդ երկրի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը գտել է վիճակը փրկելու տարբերակ:
Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այն սպառնալիքը, ըստ որի նրանք պատրաստ են հարվածելու Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող ատոմակայանին՝ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Կարո Փայլանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված հարցադիմում է ներկայացրել խորհրդարան՝ մեղադրելով Անկարային Ադրբեջանին բացահայտ աջակցող հայտարարությունների համար, որոնք, ըստ Փայլանի, ավելի են մեծացնում լարվածությունը։