ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ զեկույցը՝ Գլխավոր ասամբլեայի «Անհայտ կորած անձինք» բանաձևի իրականացման վերաբերյալ՝ հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
«Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատրաստած զեկույցը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված՝ 73/178 «Անհայտ կորած անձինք» («Missing Persons») բանաձևի իրականացման վերաբերյալ, որը հասանելի է հետևյալ հղումով` https://undocs.org/ru/A/74/941:
Զեկույցը համապարփակ տեղեկատվություն է ներկայացնում տվյալ բանաձևի իրականացման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորած անձանց խնդրի հետ կապված իրավիճակի և հրատապ հարցերի վերաբերյալ։
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցը ծագել է 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմից շատ ավելի վաղ: Արդեն 1988-1989 թթ. Արցախում խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից տեղի էին ունեցել ազգությամբ հայերի պատանդառության և առևանգման դեպքեր։ Սակայն հետագայում՝ պատերազմական գործողություններով պայմանավորված, պատանդների և անհայտ կորածների խնդիրն ավելի սուր բնույթ ստացավ։
Զեկույցում ընդգծվում է, որ, դժբախտաբար, ադրբեջանական կողմի ապակառուցողական քաղաքականության պատճառով հակամարտության հետևանքով անհայտ կորածների ճակատագիրը որոշակիացնելու գործում հնարավոր չեղավ նշանակալի արդյունքներ արձանագրել: Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների հետ կառուցողական համագործակցության փոխարեն ադրբեջանական կողմը շարունակում է քաղաքականացնել անհայտ կորածների խնդիրը, որը բացառապես մարդասիրական բնույթ է կրում։ Նման համագործակցությունից հրաժարվելը ևս մեկ ապացույց է Ադրբեջանի՝ միջազգային մարդասիրական իրավունքներով իր ստանձնած պարտավորությունների չկատարման մասին:
Փաստաթղթում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նպատակների արդյունավետ իրականացման համար պայմանների ստեղծման առումով նշվում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ անհայտ կորածների խնդիրը չի կարող կարգավորվել միակողմանի կարգով, նախ և առաջ՝ անհրաժեշտ է ապահովել այս հարցում հակամարտության բոլոր կողմերի գործուն ներգրավվածությունը, ինչպես նաև ներդնել համակարգված և արդյունավետ մեխանիզմ՝ առաջընթացի ապահովման հստակ վերահսկողական չափանիշներ սահմանելու համար»,- նշված է զեկույցում։