Առանց մեծ խնջույքների, տոնակատարությունների, հարյուրավոր հյուրերի, մեծ ծախսերի... Մի խոսքով՝ արդեն 4 ամիս է՝ Հայաստանում հարսանիքներն արտակարգ պայմաններում են անցնում:
Արաքսյան ու Դավիթը դեռ նախորդ տարի ծրագրել էին, որ 2020-ի աշնանը հայկական մեծ, «չաղ» հարսանիք են անելու՝ շատ հյուրերով, որ ոչ ոք իրենցից չնեղանա, որ ամեն բան կարգին լինի՝ ինչպես ընդունված է հայկական ավանդական ընտանիքներում: Բայց... թագավարակը փոխեց զույգի բոլոր պլանները:
«Հասկացանք, որ աշնանն էլ հնարավոր չի լինելու մեր երազած հարսանիքը կազմակերպել ու գուցե մինչև մյուս տարվա աշուն հնարավոր էլ չինի: Որոշեցինք իզուր չսպասել, կազմակերպել փոքրիկ նեղ ընտանեկան միջոցառում: Ես պարզապես հարսի զգեստ հագա, Դավիթը՝ կոստյում, գնացինք Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Դիլիջան, լուսանկարվեցինք՝ որպես հիշողություն ապագա սերունդներին: Մեր հարսանիքին ներկա էին միայն մեր ընտանիքի անդամները»,- պատմեց նորապսակ Արաքսյա Մելքոնյանը:
Լուսանկարը՝ զույգի արխիվից
Զույգը նախ Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնում գրանցեց ամուսնությունը, փոխանակվեցին մատանիներով, հետո որոշեցին Աստծո օրհնություն էլ ստանալ ու կարգվել՝ առանց սպասելու կորոնավիրուսի ավարտին: Բայց... չհաջողվեց, քանի որ սահմանափակումները հասան նաև եկեղեցի: Նոր կյանքը սկսեցին՝ ազդարարելով աշխարհը պատած վիրուսի դեմ հաղթարշավը:
Լուսանկարը՝ զույգի արխիվից
Լուսանկարը՝ զույգի արխիվից
Արաքսյան ու Դավիթը միակ զույգը չէ, որ հակառակ համավարակի՝ որոշեց սկիզբ դնել նոր, գեղեցիկ ու առողջ կյանքի:
1lurer.am-ը ճշտել է, թե Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում մարտի 16-ից՝ արտակարգ դրությունից հետո քանի «արտակարգ» ամուսնություն է գրանցվել, և քանի ամուսնալուծություն:
Այսպես՝
-
2019-ի առաջին կիսամյակում գրանցվել է 7456 ամուսնություն, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 5275 ամուսնություն: Ամուսնությունների թիվը նվազել է շուրջ 2200-ով:
-
2019-ի առաջին կիսամյակում ամուսնալուծվել է 1823 զույգ, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 1512:
Հայ առաքելական եկեղեցին, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, սահմանափակումներ է կիրառում պսակադրությունների ժամանակ: Մարդկանց կյանքում ամենակարևոր ու գեղեցիկ արարողությանն առավելագույնը կարող է ներկա լինել շուրջ 10 անձ՝ զույգերի ամենամտերիմները: Ավելի լավ է առողջ սկսեն իրենց նոր կյանքը՝ 1lurer.am-ի հետ զրույցում նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ հիշեցնելով՝ կորոնավիրուսը կանցնի, սահմանափակումներն էլ հետը, ու բազմամարդ հայկական հարսանիքներ նորից կլինեն:
Այսպիսով, այս տարի չեղարկվել է շուրջ 2200 ամուսնություն: Համավարակը երբ անցնի, ու սահմանափակումները վերանան, Հայաստանում իսկական հարսանեկան «բում» է սպասվում: