Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով պետք է փոխարինի Խաբարովսկի երկրամասի ձերբակալված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին, ժամանել է Խաբարովսկ: Միևնույն ժամանակ, քաղաքում Ֆուրգալի ձերբակալման և պաշտոնաթողության դեմ բողոքի ցույցերը չեն դադարում՝ գրում է Lenta.ru-ն:
Բողոքի ակցիան իրականացվում է 11-րդ անգամ անընդմեջ, և ամեն օր մասնակիցների թիվը զգալիորեն ավելանում է: Նրանք հանդես են գալիս «Ֆուրգալը մեր ընտրությունն է», «Ազատություն Ֆուրգալին» կարգախոսներով, որոնց ավելացվել են նաև Խաբարովսկից Դեգտյարյովից հեռացման և նախագահ Պուտինի հրաժարականը պահանջող կարգախոսները:
Խաբարովսկի երկրամասի նահանգապետի պաշտոնակատարն արձագանքել է իր քննադատներին: Instagram-ի իր էջում նա գրել է. «Նրանք, ովքեր գոռում են՝ Դեգտյարյով հեռացիր... Ես չեմ հեռանա: Քանի որ պետք է աշխատենք»: Դեգտյարյովը ավելացրել է, որ եթե աշխատանքից ազատված Սերգեյ Ֆուրգալը արդարացվի, նա «իր իրերը կհավաքի ու կհեռանա»:
Շաբաթ օրը նախատեսված է ևս մեկ բազմահազարանոց ակցիա, իսկ Դեգտյարյովն առայժմ պատրաստ չէ խոսել ցուցարարների հետ: