Jerusalem Post-ում հրապարակվել է հոդված, որում հեղինակը՝ Ալեքսեյ Գալիցկին, նշում է, որ Իսրայելի հետ Ադրբեջանի արագ զարգացող հարաբերությունները երկար ժամանակ հիմնված էին այն կեղծ գաղափարի վրա, որ Ադրբեջանը «հանդուրժողականության երկիր» է:
«Ադրբեջանը հաճախ է ցուցադրում երկրում փոքր, բայց ակտիվ հրեական համայնքի առկայությունը` որպես բազմազանությանն ու հանդուրժողականությանը նվիրվածության ապացույց: Այնուամենայնիվ, Ադրբեջանը բռնապետություն է՝ հիմնված նավթադոլարների վրա, և մեկ ընտանիքի կողմից ղեկավարվում է ավելի քան կես դար»,- ասվում է հոդվածում:
Պարբերականը նշում է, որ Թուրքիայի մերձավոր դաշնակից Ադրբեջանը, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ակտիվորեն ձգտում է արմատախիլ անել տարածաշրջանի բնիկ հայ բնակչությանը և նրանց հազարամյա քաղաքակրթության հետքերը: Ադրբեջանական ԽՍՀ-ն մերժեց արցախահայության և Նախիջևանի հայերի մշակութային, քաղաքական, լեզվական և տնտեսական իրավունքները, և 1980-90-ականներին Ադրբեջանի իշխանությունները սկսեցին մասնակցել հայերի ջարդերին՝ Արցախի անկախության կոչերը խեղդելու համար: Այս ծրագրերն ուղղված էին նաև հրեական համայնքներին, որոնք սկսեցին մասսայաբար թողնել Բաքուն՝ ի պատասխան հալածանքների հաճախակի դեպքերի:
«Ադրբեջանի հարձակումը տարածաշրջանի հայերի վրա հանգեցրեց լայնածավալ պատերազմի, որն ավարտվեց հրադադարի հաստատումով և ապահովեց անկախ, ժողովրդավարական Արցախի ստեղծումը: Անցած 30 տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը բազմիցս օգտագործել է հռետորաբանություն, որը քարոզում է հայերի էթնիկական զտումներ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, պարբերաբար հայերին անվանում է պետության թշնամիներ և ժխտում տարածաշրջանում հազարամյա հայկական քաղաքակրթությունը»,- ասվում է հոդվածում: