Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Կարո Փայլանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված հարցադիմում է ներկայացրել խորհրդարան՝ հայտնում է ermenihaber-ը։
Հարցադիմումի մեջ Փայլանը, մեջբերելով հայ-ադրբեջանական լարվածության օրերին Չավուշօղլուի՝ Ադրբեջանին բոլոր հնարավորություններով աջակցելու պատրաստակամության մասին հայտարարությունը, հիշեցրել է, որ Թուրքիան Մինսկի Խմբի անդամ է, ինչից ելնելով՝ պետք է չեզոքություն պահպանի։ Փայլանը նշել է, որ չեզոքություն պահպանելու փոխարեն, ցեղային պատճառներից ելնելով, Ադրբեջանին բացահայտ աջակցող հայտարարություններն ավելի են մեծացնում լարվածությունը։
Փայլանը հետևյալ հարցերն է հղել Թուրքիայի գլխավոր դիվանագետին.
-
Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ ցեղայի՞ն պատճառներով է, որ կողմնակալություն եք ցուցաբերում։
-
Դեռևս չե՞ք հասկացել, որ ռասիստական արտաքին քաղաքականությունը «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում և միայն մեծացնում է հարցերը:
-
Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ցանկանում է ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին։ Լարվածությունն այս պատճառո՞վ է, որ սաստկացնում եք։
-
Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկելու ուղղությամբ:
-
Թուրքիան, եթե ցեղային պետություն չէ, ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական նկրտումներով։
-
Երբեմն հիշո՞ւմ եք արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եք, որը հիմնադրվել է Հայաստան-Ադրբեջան լարվածությունը նվազեցնելու նպատակով։
-
Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի ապակայունացումը ձեռնտու է միայն Ռուսաստանին։
-
Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այն սպառնալիքը, ըստ որի՝ նրանք պատրաստ են հարվածելու Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող ատոմակայանին։