Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը թուրքական HaberTürk-ի եթերում խոսել է Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության աճի մասին։ Թուրք գործիչն ընդգծել է, որ նման խնդիրները նախընտրելի է լուծել երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Ուրասը հիշեցրել է, որ ավելի վաղ (2017 թ․) մեկնել էր Լեռնային Ղարաբաղ, ինչին Ադրբեջանը շատ խիստ էր արձագանքել։
Հաղորդման մասնակից, Habertürk-ի թղթակից Նագեհան Ալչըն էլ նշել է, որ 2009 թ․ էլ ինքն է այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ ու արժանացել նույն արձագանքին, չի կարողանում մեկնել Ադրբեջան, քանի որ ճանաչվել է «անցանկալի անձ»։
«Բայց մենք չպետք է մոռանանք, որ մեր երկրում կան ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ քաղաքացիներ։ Այնպես որ, այս նրբությունները հաշվի առնելով՝ պետք է խնդրի լուծում առաջարկենք, դա է մեզ վայել»,- հավելել է Ուրասը։
Իսկ հաղորդման մյուս հյուրը՝ սյունակագիր Օրալ Չալըշլարը, այն տեսակետն է հայտնել, որ Թուրքիան պետք է խուսափի հայ-ադրբեջանական հակամարտության մեջ որոշակի կողմում հանդես գալուց և Ադրբեջանին այդքան բուռն աջակցելու փոխարեն զբաղվի սեփական խնդիրներով։