2020 թ. հուլիսի 16-ին Արարատի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել, որ նույն մարզի բժշկական հաստատության աշխատակցի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել և 2020 թ. հուլիսի 13-ին իր նորածին դստերը 2.000 ԱՄՆ դոլարով վաճառել է երևանաբնակ ամուսինների:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին, ունենալով ութ ամսական հղիություն, 2020 թ. հունիսին բժշկական հաստատության աշխատակիցների կազմակերպմամբ և օժանդակությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել Երևան քաղաքի բնակչուհու հետ` 2000 ԱՄՆ դոլարով երեխայի վաճառքի շուրջ՝ վերջինիս խնամքին հանձնելու նպատակով:
Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի բնակչուհին ընդունվել է Երևանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020 թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա և բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո՝ 2020 թ. հուլիսի 13-ին, երեխային հանձնել է գնորդին՝ Երևանի բնակչուհուն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեխային վաճառող կնոջը և գնորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի բնակչուհու ամուսնուն և բուժաշխատողներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով, վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը:
Նախաքննությունը շարունակվում է: