Եգիպտոսի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել նախագահ Աբդել Ֆեթթահ էլ-Սիսիին Լիբիայում ռազմական գործողություններ իրականացնելու մանդատ տրամադրելուն: Արաբական հանրապետության Ներկայացուցիչների պալատը պետության ղեկավարին և զինված ուժերին օժտել է «Լիբիան, Եգիպտոսի և արաբական այլ պետությունների ազգային անվտանգությունը պաշտպանելու» մանդատով՝ հայտնում է Al-Jazeera-ն:
«Եգիպտոսի ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում խաղաղության կոչ է արել, բայց երբեք թույլ չի տա հարձակվել իր վրա կամ ոտնահարել իր իրավունքները, ի վիճակի է վճռականորեն պաշտպանել իրեն և իր շահերը, ինչպես նաև եղբայրներին ու հարևաններին ցանկացած վտանգից կամ սպառնալիքից»՝ ասված է օրենսդիր մարմնի հաղորդագրության մեջ:
Վերջին շրջանում Եգիպտոսի բարձրագույն ղեկավարությունը քննարկում է Լիբիայում հնարավոր ռազմական միջամտության հարցը։ Նախագահ Սիսին անցյալ շաբաթ, ակնարկելով Թուրքիայի միջամտությունը հարևան Լիբիայում շարունակվող հակամարտությանը, ասել էր, որ իրենք միջոցներ կձեռնարկեն Եգիպտոսի ու Լիբիայի կայունությունը խաթարող գործողությունների դեմ։