Հուլիսի 21-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, րոպեների տարբերությամբ, 4 ահազանգ է ստացվել։ Հայտնում էին, որ Քաջազնունու փողոցի սուպերմարկետի մոտ դանակներով զինված քաղաքացիներ են վիճաբանում, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Քիչ անց ոստիկանությունում ստացվել են նաև հիվանդանոցային ահազանգեր։ Թիկունքի կտրած-ծակած վերքով հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, իսկ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով 86-ամյա մի տղամարդ տեղափոխվել էր մայրաքաղաքի մեկ այլ հիվանդանոց։
Ոստիկանությունում հնչած առաջին ահազանգից րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր։
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվելէ, որ տուժածները վնասվածքները ստացել են ժամը 20:15-ին, Քաջազնունու փողոցի 8-րդ շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ոստիկանների արդյունավետ և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է նաև տղամարդկանց դանակահարած անձի ինքնությունը՝ Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ։
Ժամը 21:20-ին նա հայտնաբերվել է Կրիվոյի փողոցում և տարեկից մեկ այլ երիտասարդի հետ բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կասկածվողի մոտ ոստիկանները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: