«Ազգային միասնություն» կոալիցիան, որը ղեկավարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի «Բաաս» կուսակցությունը, հաղթել է հուլիսի 19-ին կայացած խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ իշխող կոալիցիան նախորդ ընտրությունների համեմատ 23 տեղ կորցնելուց հետո էլ կարողացել է պահպանել մեծամասնությունը Ժողովրդական խորհրդում: Քվեարկությունը կազմակերպվել էր երկրի տարածքի 70 տոկոսում, այն հատվածում, որը վերահսկվում է Ասադի կողմից:
Մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, որոնք չեն ճանաչում Բաասի դերը, արգելվել է մասնակցել ընտրություններին: Արևմտյան երկրները, նաև Թուրքիան չեն ճանաչել ընտրությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե դրանք կեղծվել են Բաշար Ասադի իշխանությունը ամրապնդելու համար:
Ընտրությունները պետք է տեղի ունենային ապրիլի 13-ին, բայց կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով երկու անգամ հետաձգվեցին: Արդյունքում որոշվեց դրանք անցկացնել հուլիսի 19-ին՝ անտեսելով վարակի տարածումը: